Թրամփի վարչակազմի՝ Ադրբեջանին հատկացվող 100 մլն դոլարի օգնության փաթեթը հիմնականում ուղղված է Իրանի դեմ ամերիկա-ադրբեջանական համատեղ նախաձեռնությունների ֆինանսավորմանը՝ միաժամանակ ապահովելով նոր հարձակողական հնարավորություններ և ազատելով այլ ռազմական ռեսուրսներ՝ Արցախի և Հայաստանի դեմ Ալիևի ռեժիմի շարունակվող ագրեսիայի համար․ այս մասին ասված է Ամերկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) հայտարարությունում։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Թերեզա Երիմյանի խոսքով՝ իրենց անհանգստացնում է այն, որ Բաքվի օգնության փաթեթը Ադրբեջանի զինանոցը համալրում է նոր սարքավորումներով, մարտավարական հնարավորություններով և հարձակվելու հնարավորություններով։
«Չի կարելի խնդրել ամերիկացի հարկատուներից նույնիսկ մեկ դոլար հատկացնել Ալիևի բացահայտ և անհաշտ ագրեսիվ ռեժիմին ռազմական օգնության համար, որը դեռևս մեկ շաբաթ առաջ Մյունխենում կրկին խոսել էր Արցախի վրա հարձակման սպառնալիքների մասին և հրապարակավ հայտարարել, որ Երևանն ու Հայաստանը ադրբեջանական տարածքներ են։ Թրամփի վարչակազմը պետք է կա՛մ դադարեցնի Բաքվին ռազմական օգնություն ցուցաբերելը, կա՛մ հավասարակշռի Հայաստանին ու Ադրբեջանին ցուցաբերվող օգնությունը», — հայտարարել է նա։
Նշվում է, որ Թերեզա Երեմյանը Կոնգրեսի հատկացումների կոմիտե է ներկայացրել գրավոր հայտարարություն, որում կոչ է արել հրաժարվել Ադրբեջանին հատկացվող միջոցներից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






