Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով վարչապետի պատվիրակության կազմում Գերմանիա ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 14-ին հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները դրական են գնահատել Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը և մտքեր փոխանակել վերջինիս առավել ամրապնդման հեռանկարների շուրջ:
«Հայաստանը մեծապես կարևորում է պատմամշակութային ավանդական ջերմ կապերով միահյուսված հայ-արաբական հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը»,-ընդգծել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ ակտիվ քայլեր ձեռնարկելու Արաբական պետությունների լիգայի երկրների հետ փոխշահավետ համագործակցության խթանման ուղղությամբ։
Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է հայ համայնքի կարևոր կամրջող դերակատարությունը Հայաստանի և արաբական աշխարհի երկրների միջև։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ԱՊԼ գլխավոր քարտուղարն անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին և Սիրիայի հումանիտար իրավիճակին: «Հայաստանը մշտապես իր ուշադրության առանցքում է պահում Սիրիայում տիրող հումանիտար իրավիճակը և հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերները»,-նշել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ընդգծելով հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու իր ներդրումը տեղում մարդասիրական առաքելությանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






