Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ 2000 տեղամասերից 1500-ում կլինեն տեսախցիկներ։ Այս մասին ՀՀ ԱԺ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ տեսանկարահանում սկսել են 2017 թվականին և նույն ծավալով ունեցել են 2018 թվականին:
«Երկու համապետական ընտրությունների ժամանակ էլ 2000 տեղամասերից 1500-ում է եղել տեսանկարահանում, ապահովել ընտրողների թվի 92-93 տոկոս ծածկույթ: Երևան քաղաքի բոլոր տեղամասերն ապահովված են եղել տեսախցիկներով, ընտրողների թվով խոշոր տեղամասերը ևս, ապահովված չեն եղել միայն հեռավոր տեղամասերը, ինտերնետի բացակայության, տեխնիկական խնդիրների պատճառով»,- ասաց Մուկուչյանը։
ԿԸՀ նախագահը նշեց, որ այս հանրաքվեի կազմակերպման ընթացքում էլ առանձին տողով կառավարության կողմից հատկացվել են միջոցներ՝ տեսախցիկներ տեղադրելու համար:
«Մենք սկսել էինք այդ աշխատանքները, կազմակերպությունն առկա է, նույն կազմակերպությունն է, ինչ նախորդ երկու անգամվանը: Սկսել էինք աշխատանքները 1500 տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու, ավելին՝ տեսախցիկներն արդեն սկսել էին տեղադրվել տեղամասյին կենտրոններում: Արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված՝ բնական է, որ աշխատանքները դադարեցվեցին, բայց արդեն շարված տեսախցիկները հանձնվել է այդ հաստատությունների տնօրենների պատասխանատվությանը, վերսկսվելու պարագայում այդ աշխատանքը շարունակվելու է: Եթե չեմ սխալվում, մոտ 1200 տեղամասում արդեն տեղադրված էին այդ տեսախցիկները, այսինքն աշխատանքի ամենաժամանակատար պրոցեսն արվել է»,- ասաց Մուկուչյանը։
ԿԸՀ նախագահը նշեց, որ այս անգամ էլ 2000 ընտրատեղամասից 1500-ում կունենան տեսախցիկներ և ընտրողների թվի առումով կունենան 92-93 տոկոս ծածկույթ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






