ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ պաշտոնական Երևանը հայտագիր է ներկայացրել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ ՀՀ ներքին գործերին «բացահայտ միջամտության» համար։
Ըստ նրա՝ անընդունելի կոչեր են հնչել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հետ կապված իրավական գործողությունների վերաբերյալ։
Միրզոյանի փոխանցմամբ՝ նմանաբովանդակ արտահայտություններ են հնչել Ռուսաստանի քաղաքական գործիչների, այդ թվում՝ կառավարող մեծամասնության պատգամավորների կողմից, ինչի վերաբերյալ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դիմել է Ռուսաստանի ԱԳՆ-ին:
«Մենք՝ ՀՀ-ն, սա համարում ենք որպես ոչ միայն հակասող Հայաստան-Ռուսաստան ավանդական բարեկամությանը և այդ բարեկամությունն ամրագրող կամ կանոնակարգող իրավական փաստաթղթերին, այլև ուղղակի բացահայտ միջամտություն ՀՀ ներքին գործերին և ոտնձգություն՝ մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ: Այս մասին տեղեկացրել ենք մեր ռուսաստանյան գործընկերներին: Կարծում եմ՝ այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է հասած լինի հասցեատիրոջը»,- նշել է Միրզոյանը:
Հիշեցնենք՝ «Երեկոն Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակում ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը որոշ արտահայտություններ էր հնչեցրել Հայաստանի իշխանություններին հասցեին: «Իմ մտերիմ ընկերը հիմա հալածվում է իշխանության կողմից, որը դավաճանել է Հայաստանի պատմությունը: Ինչո՞ւ է պատերազմ սկսել Սամվել Կարապետյանի դեմ, որովհետև վերջինս հանդես է եկել ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու»,- ասել էր Սոլովյովը:
Կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը ևս աջակցություն էր հայտնել Կարապետյանին։ «Երբվանի՞ց է եկեղեցուն, ժողովրդին աջակցելը հանցագործություն»,- ասել է նա։
Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Գործարարի եղբայրը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը, հայտնել էր, որ ավելի քան 45 անձ է բերման ենթարկվել, այդ թվում՝ ձեռքի կոտրվածքներով։ Կարապետյանի առանձնատան մոտ հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել՝ աջակցություն հայտնելու նրան։
Հունիսի 18-ի գիշերը` խուզարկության մեկնարկից մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե: Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանության բռնի զավթման հրապարակային կոչի համար: Նա մեղադրանքը չի ընդունում:
Մանրամասն՝ տեսանյութում։