ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է Կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով, ըստ էության, առաջարկվում է հստակեցնել պարետի և պարետատան դերը, կարգավիճակը: Օրենսդիրին մանրամասները ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:
«Առաջարկվում է հստակեցնել պարետի, պարետատան դերը, կարգավիճակը, պարետի կողմից ընդունված ակտերի բնույթը: Սահմանվել է, որ արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ սահմանված լինելու դեպքում վարչապետը կամ փոխվարչապետը կարող են հանդես գալ որպես պարետ: Նախագծով սահմանվել է, որ իր լիազորությունների իրականացման ընթացքում պարետը կարող է ընդունել ակտեր, որպես համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի կողմից ընդունված ակտ, այդ թվում նաև ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր»,-ասաց Գրիգորյանը:
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է առավել համապարփակ կարգավորումներ նախատեսել արտակարգ դրության իրավական ռեժիմի կիրառման համար` ներկայումս համաճարակի դեմ պայքարի շրջանակներում արտակարգ դրության իրավական ռեժիմի կիրառման առանձնահատկություններին համահունչ: Ավելին` անձանց իրավունքների երաշխավորման տեսանկյունից կիրառվող սահմանափակումները միշտ չէ, որ պետք է համընդհանուր և անպայմանական բնույթ կրեն, այլ կարգավորման և իրավիճակի կառավարման ճկունությունից ելնելով` անհրաժեշտ է նաև նախատեսել նման սահմանափակումների և միջոցառումների պայմանով կիրառման հնարավորություններ` դրանով իսկ հնարավորություն տալով անձանց, սահմանափակումների կիրառմանը զուգընթաց, ապահովել իրենց մի շարք կենսական իրավունքների իրացումը:
Միևնույն ժամանակ, գործող օրենքով հստակեցման կարիք ունի համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում համաճարակի կանխման նպատակով անձանց անձնական ազատության իրավունքների սահմանափակման հնարավորությունը:
Մյուս կողմից, արտակարգ դրության ընթացքում պետական կառավարման առանձնահատկությունների առավել համապարփակ կարգավորման իմաստով անհրաժեշտ է հստակեցնել պարետի և պարետատան կարգավիճակը` պետական կառավարման համակարգի և կառավարչական իրավահարաբերությունների ներկայիս համատեքստում, ինչպես նաև պարետի կողմից ընդունվող ակտերի կարգավիճակը:
Ըստ Գրիգորյանի՝ արտակարգ դրության ընթացքում պարետի կողմից ընդունվող ակտերը հրատապ բնույթ են կրում, ուղղված են ծագած խնդիրների համար օպերատիվ, արդյունավետ և ստեղված իրավիճակին համաչափ լուծումներ սահմանելուն: Նման պայմաններում, ակնհայտ է պարետի կողմից ընդունվող ակտերի նախագծերը փորձաքննության ոչ ենթակա իրավական ակտերի նախագծերի շարքում դասելու անհրաժեշտությունը: Նույն տրամաբանությամբ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշումների նախագծերի` փորձաքննության ենթակա չլինելու հանգամանքը: Հետևաբար նպատակահարմար է նույն իրավական ռեժիմը սահմանել նաև ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված նորմատիվ իրավական այլ ակտերի նախագծերի համար:
Բացի այդ, ելնելով արտակարգ դրության հիմք հանդիսացած հանգամանքների հետևանքով առաջացած սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացման և արտակարգ դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների երաշխիքների ապահովման կարևորությունից, ինչպես նաև արդեն իսկ գործնականում նման միջոցառումներ նախատեսելու հանգամանքից` հստակեցման կարիք ունեն Կառավարության կողմից անձանց աջակցություն տրամադրելուն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ կարգավորումները:
Նախագծերով`
- մի շարք դեպքերում հստակեցվել են արտակարգ դրության ընթացքում սահմանափակման ենթակա իրավունքները և ազատությունները, կիրառվող միջոցառումները, սահմանվել է անձնական ազատության իրավունքի սահմանափակման հնարավորությունը, ինչպես նաև նախատեսվել է սահմանափակումները և միջոցառումները պայմանով կիրառելու հնարավորությունը,
- հստակեցվել է պարետի և պարետատան կարգավիճակը` որպես արտակարգ դրության ընթացքում պետական կառավարման առանձնահատուկ դրսևորում և պարետի կողմից ընդունվող ենթաօրենսդրական ակտերի բնույթը,
- հստակեցվել է արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսացած հանգամանքների արդյունքում առաջացած սոցիալական խնդիրների և տնտեսական հետևանքների հակազդման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցությանն ուղղված միջոցառումներ սահմանելու հնարավորությունը,
- նախատեսվել է, որ բացի ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշումների նախագծերից, փորձաքննության ենթակա չեն նաև ռազմական և արտակարգ դրությամբ պայմանավորված այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






