ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 27-ին՝ վաղ առավոտյան անդրադարձավ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի 105-րդ տարելիցի միջոցառումներին։
Վարչապետը նախ հիշեցրեց, որ կորոնավիրուսային ճգնաժամը սկսվելիս հայտարարում էր, որ այդ իրավիճակին պետք է նայել որպես հնարավորություն՝ ընդգծելով, որ ապրիլի 24-ի միջոցառումներն այդ տեսական թեզի վառ արտահայտումն են։
«Մենք բոլորս կանգնած էինք ծանր իրավիճակի առջև, երբ մոտենում էր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն ու միաժամանակ Հանրապետությունում թևածում էր համաճարակը և մենք ծանր իրավիճակում էինք․ ի՞նչ պիտի անեիք, ինչպե՞ս էր հնարավոր ապրիլի 24-ին մարդկանց արգելել բարձրանալ Ծիծեռնակաբերդ՝ դա աներևակայելի էր թվում, մյուս կողմից ինչպես կարելի էր թույլ տալ՝ իմանալով, որ կորոնավիրուսի մի քանի հարյուր դեպք էինք ունենալու և իրավիճակը դուրս էր գալու վերահսկողությունից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ դեպքում որոշեցին առաջնորդվել «ճգնաժամը՝ որպես հնարավորություն թեզով» և խնդիր դրեցին այս սահմանափակումների պայմաններում միջոցառումները կազմակերպել ավելի տեսանելի ու հզոր՝ ազգային ուղերձների փոխանցման առումով։
Վարչապետը նշեց, որ այսկերպ մենք մեր պատմությունը պատմեցինք՝ առանց աղաղակի և ուժեղ, տեսանելի ու լսելի ոգեկոչեցինք՝ առանց ողբի։
«Ինքներս մեզ նայեցինք այլ տեսակետից, և համոզված եմ՝ այդ կերպարը բոլորիս շատ դուր եկավ։ Ուրախ եմ, որ շատերը սոցիալական ցանցերում բարձրացնում էին այն հարցը, թե ինչպես կարելի է Ծիծեռնակաբերդ բարձրանալ արևածաղիկ չրթելով կամ փողոցների երկայնքով ծաղկի վաճառելով»,- ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ այսկերպ ինքներս մեր մասին քաղաքակրթական նոր նշաձող սահմանեցինք՝ ինքներս մեր մասին պատմելով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







