Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին նվիրված աշխատաժողովի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչների միջև միջադեպ է տեղի ունեցել։
Հայկական պատվիրակության երկու ներկայացուցիչ՝ ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանն ու ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովը, իրենց ելույթներում հակադարձել են ադրբեջանցի պատվիրակների ելույթների ժամանակ արած հայտարարություններին։
Տոնոյանն Armenia Today-ին պատմեց միջադեպի մանրամասները։ Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել «Յեդինայա Ռոսիյա» կուսակցության կազմակերպած աշխատաժողովի ժամանակ, որին մասնակցել է շուրջ 30 պետության 100-ից ավելի պատվիրակ, օրակարգով նախատեսված ելույթներ են ընթացել։
Մինչ իրեց ելույթները ադրբեջանցիները հակահայկական հայտարարություններ են արել, որոնց իրենք ստիպված էին պատասխանել։
«Ադրբեջանական «Յենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչն իր ելույթում հակահայկական մի շարք հայտարարություններով հանդես եկավ, բնականաբար, մենք դրանք անպատասխան թողնել չէինք կարող և օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ փոխեցինք մեր ելույթների տրամաբանությունը»,- ասաց նա։
Տոնոյանը բացատրեց, որ ավելի վաղ ելույթները նվիրված էին բացառապես Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին, դրա դասերին, ՄԱԿ-ի ձևավորմանը, սակայն ելույթների կառուցվածքն ամբողջությամբ փոխվել է, երբ ադրբեջանցիները Հայաստանի նկատմամբ քննադատություն են հնչեցրել՝ այդպիսով սադրանք գործելով։
«Երբ պատվիրակության ղեկավարի ելույթից հետո նրանք հասկացան, որ հայկական պատվիրակության արձագանքը կոշտ է լինելու, նրանց պատվիրակությանը միացան նաև ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները, խորհրդականները, և բավականին ներկայանալի կազմ էր հավաքվել դահլիճում, սակայն դա որևէ կերպ մեզ չխանգարեց, որ մեր տեսակետն արտահայտենք»,- նշեց Տոնոյանը։
Ըստ նրա՝ Շարմազանովն իր ելույթում հրապարակել է պատմական փաստեր, որոնցով ապացուցել է, որ Արցախում էթնիկ զտում է տեղի ունեցել, և որ մշակութային ժառանգությունն Արցախում ոչնչացվում է։
«Իսկ իմ ելույթում, անդրադառնալով մերօրյա ֆաշիզմի դրսևորումներին, նշել եմ, որ 21-րդ դարում, ցավոք, դեռ ֆաշիզմի դրսևորումները շարունակվում են, և գնդակոծության են ենթարկվում խաղաղ գյուղերն ու քաղաքները, բնակիչներն են կրակահերթերի տակ հայտնվում, ինչպես նաև շուրջ 120 000 մեր հայրենակիցներ բռնի տեղահանվել են Արցախից»,- շեշտեց Տոնոյանը։
Պատվիրակի խոսքով՝ դահլիճում բավականին շիկացած մթնոլորտ է տիրել։ Միջադեպից հետո ադրբեջանական պատվիրակությունը ցանկություն է հայտնել նորից ելույթ ունենալ, որ արձագանքեն հայկական կողմին, սակայն իրենք դեմ են արտահայտվել, որովհետև դա օրակարգի խախտում կլիներ, յուրաքանչյուր պատվիրակության մեկ ելույթի հնարավորություն է տրվել։ Այսպիսով՝ նրանք, հայկական կողմին պատասխանելու համար բարձրախոս չստանալով, պարզապես լքել են դահլիճը։
Տոնոյանն ընդգծեց, որ 30 երկրի ներկայացուցիչ համոզվել է, որ Ադրբեջանը ցանկացած հնարավոր առիթն օգտագործում է հակահայկական հայտարարություններ անելու համար, սակայն նրանց փորձերը տապալվել են՝ չմնալով անպատասխան: