Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայութունը, ուղերձում ասված է, որ այսօր մեր անմեղ զոհերի հիշատակին յուրահատուկ պայմաններում ենք հարգանքի տուրք մատուցում․աշխարհում տարածված նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով այս անգամ ամեն տարվա պես մարդաշատ չեն լինի Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրները:
«Վստահ եմ, որ ամեն մի հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, մտքով վերապրում է մեկ դար առաջ տեղի ունեցած այս սարսափելի ողբերգությունը, սգում է անասելի բռնությունների ու խոշտանգումների ենթարկված, սովի ու կոտորածի մատնված, անհայրենիք ու անօթևան մնացած մեր քույրերի ու եղբայրների, միլիոնավոր խեղված ճակատագրերի համար:
Վերապրում ենք խոր ցավով ու կսկիծով, բայց նաև հավատով լեցուն, որ այլևս երբեք չեն կրկնվի նման դաժան ու անմարդկային ոճրագործություններ, և ոչ միայն մեր ժողովրդի հետ, այլև ամբողջ աշխարհում:
Իսկ դրան հասնելու ճանապարհը մեկն է. ցեղասպանությունները պետք է անվերապահորեն ճանաչվեն ու դատապարտվեն»,- նշել է ԱՀ նախագահը։
Սահակյանը շնորհակալություն է հայտնել այն երկրներին, բոլոր այն մարդկանց, ովքեր ՀՀ հետ են այդ պայքարում:
«Մենք բոլորս պետք է դասեր քաղենք պատմությունից, պետք է դասեր քաղենք այսօրվա իրականությունից և անենք մեզնից կախված ամեն ինչ՝ օր-օրի ավելի հզոր ու ամուր դարձնելու հայոց պետականությունն ու մայր Հայրենիքը, կուռ ու անսասան պահելու մեր միասնակությունը, անխախտ ու անկասելի՝ հայ ժողովրդի հավերժության ուղին»,- ասված է ԱՀ նախագահի ուղերձում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






