ՀՀ Կառավարությունն այսօր՝ ապրիլի 23-ին, տեղի ունեցած նիստում որոշեց բարձրացնել խնամքի տների՝ տուն-ինտերնատների և մանկատների աշխատակիցների աշխատավարձը։
Աշխատանքի և սոցիալական հարցների նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ նման նախագծի ներկայացման հարցում առաջնորդվում են երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման ուղիով․ այսօր 623 երեխա դեռևս խնամվում է շուրջօրյա խնամքի հաստատություններում, որոնցից 457-ը՝ հատուկ տիպի մասնագիտացված հաստատություններում, ուստի ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով պետք է աշխատավարձերի բարձրացման մասին հոգալ։
Այս որոշմամբ՝ մայիսի 1-ից կբարձրացվի 5 մանկատներում աշխատող աշխատակիցների աշխատավարձը։ Քանի որ հունվարի 1-ից լուծարվել է Վանաձորի մանկան տունը, առաջացել է վերաբաշխում կատարելու անհրաժեշտություն։ Վերաբաշխման արդյունքում նախատեսվում է ՊՈԱԿ-ի համար նախատեսված 141 միլիոն դրամից 36,6 միլիոն դրամը վերաբաշխել մնացած ՊՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման նպատակով։
Իրականացված վերաբաշխման արդյունքում բարձրացվելու է շուրջ 230 մարդու աշխատավարձ, որը նվազագույն շեմից կբարձրանա շուրջ 30 տոկոսով։
Կբարձրացվի նաև դայակների աշխատավարձերը․ օրինակ՝ 68000-ից կդառնա 96000 դրամ։
Զարուհի Բաթոյանը նաև հայտնեց, որ հունվարի 1-ից բարձրացել է շուրջ 700 աշխատակցի աշխատավարձ՝ տարեցների խնամքի հաստատություններում աշխատող։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







