ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ և Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի ապրիլի 21-ի ԱԺԽՈ-028-Լ որոշմամբ, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ։
Նիստիի օրակարգում երկու հարց է՝ առաջին ընթերցմամբ քննարվելու է «Իմ քայլը» խմբակցությանպատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որը ևս փոփոխություն է նախատեսում հարկային օրենսգրգում։
Ըստ Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագծի՝ առաջարկվում է ներմուծվող կամ ձեռք բերվող հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությանը թողնելու հնարավորությունը ընձեռել բոլոր տնտեսվարողներին, սակայն ժամանակավորապես` մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների համար:
Ամորտիզացիոն ժամկետները ինքուրույն որոշելու հնարավորությունը լրացուցիչ խթան կլինի այն ընկերությունների համար, որոնք մտադրություն ունեին (ունեին) կատարել կապիտալ ներդրումներ, և կշահագրգռի նրանց ներդրումների կատարումը տեղափոխել ավելի մոտ ժամանակահատված: Նշվում է, որ ներդրումների խթանմանն ուղղված այլ միջոցառումների համատեքստում` այս հնարավորությունը կմեծացնի դրանց արդյունավետությունը և կնպաստի ներդրումների աճին ընթացիկ տարում, ինչը առավել քան կարևոր է կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների համատեքստում:
Ըստ Միքայել Մելքումյանի նախագծի՝ առաջարկվում է ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկել 0.04 տոկոսի չափով: Ընդ որում, մինչև օրենքն ուժի մեջ մտնելը սկսված տույժերի հաշվարկը 2020 թվականի ապրիլի 20-ից հետո շարունակվելու է 0.04 տոկոսի չափով մինչև դրանց հաշվարկման համար 730 օրը լրանալը:
Արգելադրման համար օրենսգրքով սահմանված հարկային պարտավորությունների 500 հազար դրամ չափը 2020 թվականի ապրիլի 20-ից հետո փոխարինել 1 միլիոն 500 հազար դրամով: Ընդ որում, նշված չափը հաշվի է առնվելու 2020 թվականի ապրիլի 20-ից հետո արգելադրման գործիք կիրառելիս:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մեղմել կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






