Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին կոչ է արել ուշադրություն դարձնել Բաքվի բանտերից հայ բանտարկյալներին ազատելու անհրաժեշտության մասին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությանը։
«Ուոլցն ընդգծում է ոչ միայն Ադրբեջանի հետ հաշտության պայմանագրի ավարտի անհրաժեշտությունը, այլև հայ քրիստոնյա գերիների ազատ արձակումը։ Վստահ եմ՝ դուք լիովին համաձայն եք Թրամփի վարչակազմի հետ այս կարևոր հարցում»,- գրել է իրավապաշտպանը։
Գենսերը Ուոլցի հայտարարությունը համարել է իսկապես կարևոր զարգացում և ողջունել է Թրամփի հանձնառությունը՝ ադրբեջանական բանտերից ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին, այդ թվում՝ իր պաշտպանյալ Վարդանյանին։
Փետրվարի 19-ին Արցախի նախկին պետնախարարը հացադուլ էր հայտարարել և դիմել աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին՝ հորդորելով ուշադրություն դարձնել Բաքվում տեղի ունեցող անօրինական գործընթացներին։ Փետրվարի 26-ին Վարդանյանի փաստաբան Գենսերը հայտնել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։ Մարտի 7-ին Վարդանյանն իր ընտանիքի միջոցով փոխանցել էր ձայնային հաղորդագրություն, որում կոչ էր անում խաղաղություն՝ հիմնված մարդկային հիմնարար արժեքների և արժանապատվության վրա։ Մարտի 13-ին Վարդանյանը դադարեցրել է հացադուլը։
Մարտի 5-ին կայացած ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագիրը կնպաստի գերիների և մյուս հարցերի լուծմանը։ Մարտի 6-ին Գենսերը թվարկել էր այն գործողությունները, որոնք կարող էին անել ՀՀ իշխանությունները՝ գերիներին ազատելու համար։
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին, հայկական կողմի վերջին երկու կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկները ընդունելուց հետո։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր լուրը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետները և վայրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի բովանդակությունը և հաստատել, որ հարցերը վերաբերում էին հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների բացակայության դրույթին, ինչպես նաև միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելու խնդրին։ Փաշինյանը խաղաղության պայմանագրի բանակցությունների մասին պատմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






