Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում երկու կողմերին վերջին մի քանի տարիների ընթացքում այս ուղղությամբ իրենց համառ աշխատանքի համար՝ ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ միջազգային հանրության մասնակցությամբ: ԵՄ-ն ողջունում է Հայաստանի քայլերը տեքստի վերջնականացման ուղղությամբ»,- ասվում է հայտարարությունում։
ԵՄ-ն վճռորոշ քայլ է անվանել կողմերի հաղորդագրությունները՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ճանապարհին։
«Կարևոր է պահպանել այս ընթացքը և ապահովել այս գործընթացի սահուն ավարտը՝ երկու կողմերից նույն հեռանկարային և փոխզիջումային մոտեցումներով: ԵՄ-ն լիովին աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին և պատրաստ է լրացուցիչ աջակցություն և փորձագիտական գիտելիքներ տրամադրել, եթե կողմերը դիմեն նման խնդրանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք մինչ այժմ բաց էին։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր նախագծի հաստատման ավարտը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։