Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել վարորդների տուգանային միավորների թույլատրելի սահմանաչափը մեկ տարում 9-ից 13 դարձնելու օրինագծին։
Կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 0 պատգամավոր, 21 պատգամավոր ձեռնպահ է մնացել։ Օրինագծի հեղինակներն են ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, նրա տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Վերջինիս խոսքով՝ իրավախախտումների համար սահմանված վարչական տույժերը համարժեք չեն դրանց հանրային վնասակարությանը: Ըստ նրա՝ տուգանային միավորի առաջարկվող խստացումները վերաբերում են այնպիսի վարչական իրավախախտումների, որոնց պարագայում իրավախախտման կատարումն ակնհայտորեն չունի սոցիալական համատեքստ, այլ պայմանավորված է մարգինալ վարքագծի շարժառիթներով:
Ըստ հեղինակների՝ վարչական իրավախախտումների համար տուգանային միավորների խստացումը կընդգծի պետության հասցեական մոտեցումը, կկանխի ռիսկերը, կնպաստի տուգանային միավորների նպատակային կիրառմանը, որը կհանգեցնի ճանապարհային պատահարների նվազման:
Խաչատրյանը տեղեկացրել է նաև, որ 2024 թվականին հաշվառվել է 4814 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 333 մարդ, վիրավորվել՝ 6116-ը:
Նախագիծն ամբողջական ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2025 թվականի մայիսի 1-ից:
Կառավարությանը փետրվարի 20-ի նիստում հավանություն էր տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագծին։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել էր, որ սա «պետության և քաղաքացիների երկխոսության արդյունքում առաջացած նախաձեռնություն է», քանի որ շատ վարորդներ դժգոհում էին գործող բալային համակարգից։