«Ազատություն» ռադիոկայանի Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն է եղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
Արմեն Սարգսյանն անդրադարձել է Հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, համավարակի հետ ապրելու անհրաժեշտությանըմ այս օրերին դժվարին կացության մեջ հայտնված ընտանիքների գոյատևմանը և այլն։
«Իմ մտքերն անընդհատ այդպիսի ընտանիքների համար են, որովհետև նրանք այսպես կոչված` գոյատևման ռեզերվ չունեն, որ կարողանան մեկ, երկու, երեք ամիս ապրել, և բնական է, որ կարիք ունեն աջակցության, և այդ աջակցությունը միայն պետականը չի, որ պետք է լինի»,- նշել է Արմեն Սարգսյանը։
Նախագահը նշել է, որ պետությունը և տնտեսությունը պետք է շատ խիստ համագործակցեն, և տեսնում է` կառավարությունը որոշակի քայլեր ձեռնարկում է և՛ ֆինանսական ոլորտում, և՛ սոցիալական ոլորտում, և՛ գործարար ոլորտում՝ հավելելով, որ իր հնարավորությունների սահմաններում, երբ որ առիթը կա, իր խորհուրդներն իհարկե տալիս եմ, բայց բավականին բարդ խնդիր է:
«Աշխարհում համարյա չկան պետություններ, որոնք ճիշտ նույն խնդիրները չունենան, այնպես որ խնդիրը միայն հայկական չէ: Իհարկե, մեր տունը մեզ է մոտ, և հետևաբար մեր ցավն ու անհանգստությունը մեր երկրի համար է, նախևառաջ և՛ տնտեսության համար, և՛ գործարարների, որոնք չեն կարողանում իրենց հիմնարկներն աշխատեցնել, և՛ այն աշխատավորների, որ այդ նույն հիմնարկներում են աշխատում: Իհարկե և՛ գործարարի, և՛ ընկերությունների ֆինանսական հնարավորություններն են սահմանափակ, և իհարկե առանձին անհատների, և ամենակարևորը այն անհատների կամ ընտանիքների, որոնք սոցիալական և տնտեսական դժվարություններ ունեցել են մինչև կորոնավիրուսը, այսինքն` նրանց եկամտի աղբյուրը բավարար է եղել ասենք ապրելու, բայց դժվար ապրելու համար»,- նշել է Արմեն Սարգսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






