Հայաստանի իշխանությունները դեռևս չեն ճշտել Ստեփանակերտի մերձակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի մանրամասները, մինչդեռ, բռնագանձելով մեկ մեքենա, այդ մասին հայտարարեցին ողջ աշխարհին, գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նա այսպես է մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն Էրեբունու նախկին թաղապետի Range Rover-ի առգրավման վերաբերյալ։
«Երկրում մի մեքենա են բռնագանձում, ողջ աշխարհով հայտարարում են, մարդիկ իմանում են թեմայի նախապատմությունը, աճուրդի գինը, պատասխանատուներին և այլն: 200-ից ավելի մարդ ենք կորցրել․ ո´չ պատասխանատուների մասին ստույգ տեղեկատվություն կա, ո´չ էլ, առավել ևս, պատժվածների»,- գրել է Աբրահամյանը։
Պատգամավորը շեշտել է, որ հայտնի չէ՝ պայթյունը դժբախտ պատահա՞ր է, թե՞ արտաքին ներգործությամբ տեղի ունեցած ահաբեկչություն: Ըստ նրա՝ 2 վարկածի մասին այս ընթացքում բազմաթիվ կարծիքներ են հնչել։
Աբրահամյանը նշել է, որ զոհվածների թվում է Արցախի պաշտպանության բանակի շուրջ 30 զինծառայող, իսկ զոհերից ուժայինների ընդհանուր թիվը հասել է 8 տասնյակի։
«Շատերը պահեստ էին իջել անմիջապես մարտական գործողությունների ավարտից հետո` խրամատներից: Փրկվելով պատերազմից` այդ մարդիկ դաժան պայթյունի զոհ դարձան»,- ասված է գրառման մեջ։
Պատգամավորը հարց է ուղղել, թե պայթյունից մի քանի ժամ առաջ ո՞ւմ հրամանով են այնտեղից դուրս բերվել պահեստը հսկող հատուկջոկատայինները, ինչո՞ւ է ռազմական օբյեկտը մնացել անպաշտպան։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունը տեղյակ էր այն ամենին, ինչ կատարվում էր։
«Արդյոք այդ ամենից տեղյակ չէ՞ր ՀՀ կառավարությունը (վստահ եմ, որ տեղյակ էին) և ինչպե՞ս, ո՞ւմ հրամանով ու ի՞նչ շարժառիթներից ելնելով է ՊԲ հրամանատարը գործել` օբյեկտի պահպանության և անվտանգության ապահովման տեսանկյունից»,- եզրափակել է պատգամավորը։
2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտ գտնվող բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել էր 218 մարդ, վիրավորվել՝ 120-ը, 21-ն անհետ կորած է համարվում, կա 3 չնույնականացված դի։