ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցը քաղաքական առումով ոչինչ չտվեց Երևանին, իսկ Փաշինյանին հասցրեց քաղաքական հարված, որի հետևանքները դեռ կերևան, գրել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։
Նա նշել է, որ Փաշինյանի այցը Վաշինգտոն ուներ մեկ հիմնական նպատակ՝ հասկանալ, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակելո՞ւ է տրամադրել այն քաղաքական աջակցությունը, որը նա ստանում էր ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմից։
Փորձագետի խոսքով՝ այս հարցի պատասխանը Փաշինյանը կարող էր ստանալ այն մարդկանցից, ովքեր Վաշինգտոնում քաղաքական որոշումներ են կայացնում: Նրանց թվում Սարգսյանը, մասնավորապես, նշել է ԱՄՆ նախագահին, պետքարտուղարին, Ազգային անվտանգության հարցերով խորհրդականին, Պաշտպանության նախարարին, Պետդեպարտամենտի առանցքային պաշտոնյաներին, հետախուզական համայնքի (Intelligence Community) ղեկավարությանը։
Փորձագետը հավելել է, որ էական դեր կարող էին խաղալ նաև Ներկայացուցիչների պալատի խոսնակի և Սենատում մեծամասնության առաջնորդի հետ հանդիպումները: Սարգսյանը պարզաբանել է, որ Ներկայացուցիչների պալատի առաջնորդները որոշումներ չեն կայացնում, բայց կարող են ազդեցություն ունենալ։
«Փաշինյանը նման մարդկանց հետ չի հանդիպել։ Իհարկե, փոխնախագահ Ջեյմս Վենսը լավ իմիջ ունեցող և քաղաքական ապագա ունեցող գործիչ է, սակայն քաղաքական որոշում կայացնող չէ և, վստահ եմ, առանձնապես տեղյակ էլ չէ վարչակազմի նախատեսած քաղաքականությունից Հայաստանի նկատմամբ։ Հետևաբար, Փաշինյանը Վաշինգտոնից վերադարձել է առանց հասկանալու, թե ինչ ակնկալել նոր վարչակազմից, այդ թվում՝ ռազմավարական գործընկերային խարտիայի վերաբերյալ»,- ասել է Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ այցը «վայել չէր ռազմավարական գործընկերոջը, կազմակերպված էր սխալ ժամանակահատվածում, համեմված էր սխալ հանդիպումներով և մեսիջներով»։
Հայաստանի վարչապետը փետրվարի 3-7-ը գտնվում էր ԱՄՆ-ում։ Այցի շրջանակներում նա հանդիպել էր ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, բանակցություններ վարել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ելույթ ունեցել Ատլանտյան խորհրդի համաժողովում: Փաշինյանը հանդիպել էր նաև ԱՄՆ փոխնախագահի հետ և ելույթ ունեցել Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովում: Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ները հայտնել էին Վաշինգտոնում Փաշինյանի բարձր մակարդակի հանդիպումներ կազմակերպելու Հայաստանի իշխանությունների փորձերի ձախողման մասին: