Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակում կոչ է արել ուշադրություն դարձնել Բաքվում Արցախի առաջնորդների ապօրինի բանտարկությանը և միջամտել նրանց ազատ արձակմանը։ Իր նամակում նա ԱՄՆ նախագահին է փոխանցել համայն հայության ցավն ու ընդվզումը և շեշտել Բաքվում դռնփակ, առանց միջազգային դիտորդների ներկայության տեղի ունեցող դատավարությունները։
«Արամ Ա կաթողիկոսը Թրամփին հայտնել է, որ հայ ժողովուրդը մեծապես կգնահատի իրեն, եթե անձնապես միջամտելով՝ կոչ ուղղի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շուտափույթ կերպով և առանց պայմանի ազատ արձակելու բանտարկյալներին։ Նման քայլը կնպաստի Հայաստանի ու Ադրբեջանի միջև և ողջ տարածաշրջանում խաղաղության գործընթացին, Արցախի հայերի Արցախ վերադարձի գծով դրական պայմանների ստեղծմանը»,- ասվում է նամակում։
Կաթողիկոսը հիշեցրել է ընտրապայքարի ընթացքում Թրամփի կողմից Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու բռնագաղթի դատապարտումը, ինչպես նաև արցախահայության վերադարձի իրավունքի շեշտադրումը:
2024 թվականի նոյեմբերի 2-ին Թրամփն Արամ Ա-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր արցախահայությանը սատարելու մասին:
Հոկտեմբերի վերջին Թրամփն ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսիին մեղադրել էր 2023 թվականի սեպտեմբերին Արցախում ադրբեջանական ագրեսիայի ընթացքում անգործության և Արցախից հայերի բռնագաղթի մեջ։