Ադրբեջանը հետաձգում է Հայաստանի հետ հաշտության պայմանագրի ստորագրումը ոչ թե իր հոդվածների հետ կապված խնդիրների պատճառով, այլ դիտարկում է Սյունիքի ուղղությամբ ռազմական գործողություն իրականացնելու տարբերակը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար, Ֆեյսբուքի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա ընդգծել է, որ Բաքուն, որպես այլընտրանք ունենալով ուժի կիրառման ծրագիր, ուսումնասիրում է պատերազմի վերսկսման ներքին ու արտաքին գործոնները և գնահատում դրա հետևանքները։ Ըստ Աբրահամյանի՝ Ադրբեջանի ԶՈւ նպատակը լինելու է Սյունիքի մարզի կամ դրա մի մասի օկուպացիան՝ դեպի Նախիջևան բռնի «միջանցք» բացելու պատրվակով։ Պատգամավորը հիշեցրել է, որ միջանցքի հարցը ներառված չէ խաղաղության փաստաթղթում և քննարկվում է առանձին օրակարգով։
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու մյուս հնարավոր պատճառն, ըստ Աբրահամյանի, այն է, որ Ադրբեջանը գտնվում է իր պահանջների թարմացման կամ ընդլայնման հաջորդ փուլում։ Պատգամավորը հիշեցրեցրել է, որ փաստաթղթի 17 կետերից բոլորը, բացառությամբ 2-ի, համաձայնեցված են․ դրանք են՝ սահմանին երրորդ երկրների զորքերի տեղակայման անթույլատրելիություն և միջազգային ատյաններում հայցեր ներկայացնելուց հրաժարվել։ Նրա խոսքով՝ դրանք ոչ միայն օրակարգի ամենաբարդ հարցերը չեն, այլ կողմերի «հակասություններն» առանձնապես սուր կամ ակնհայտ մերժող տարրեր չեն պարունակում:
2025-ի հունվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի օրակարգում «Խաղաղության խաչմերուկ» նախագծից բացի տրանսպորտային կոմունիկացիաների բացման մասով այլ նախագիծ չկա։ Նա այդպես էր մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի, Հայաստանը չպետք է «աշխարհագրական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև»։
Հունվարի 7-ին Ալիևը Հայաստանը «տարածաշրջանի համար սպառնալիքի աղբյուր» և «ֆաշիստական պետություն» էր անվանել։ Նա հայտարարել էր նաև, որ Հայաստանի սպառազինումը «միայն նոր լարվածության կհանգեցնի»։ Հունվարի 8-ին Փաշինյանը, արձագանքելով Ալիևին, նշել էր, որ Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել։ Հունվարի 9-ին Փաշինյանն Ադրբեջանին ուղղված 12 առաջարկ էր հրապարակել, որոնց թվում էին ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելը, փոխադարձաբար էսկալացնող խոսույթներից և պահանջներից հրաժարվելը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






