«Ժողովուրդ» թերթը գրում է, որ երեկ Սերժ Սարգսյանը հյուրընկալվեց ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամներին:
«Ժողովուրդ» օրաթերթին այդ դռնփակ նիստից որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Նիստի սկզբում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ներածական խոսքով, ասել այն, ինչ ԱԺ բակում խոսել էր լրագրողների հետ: Նշել է, որ եկել է խոսելու, բացատրելու, բարձրաձայնելու ժամանակը և ինքը պատրաստ է ամեն ինչի մասին բաց խոսելու, թաքցնելու, կաշկանդվելու ոչինչ չունի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպումն անցել է շատ հանգիստ, սակայն դա չի խանգարել պատգամավորներին հնչեցնել ամենատարբեր հարցեր՝ սկսած հետախուզության աշխատանքի, հեկտարներ կորցնելու, պայմանավորված պատերազմ-լինել չլինելու և մեղավորների մասին։ Թերթի տեղեկություններով, շատերին հետաքրքրել է, թե ինչպես եղավ, որ մինչ այս հանրության հայտնի ինֆորմացիան. այն է` հայկական կողմը կորցրել է 800 հա հողատարածք, հիմա մատուցվում է, թե 400 հա է եղել: Սերժ Սարգսյանը մարնրամասն բացատրել է, որ այդ 800 հա տարածքի միայն 400 հա հողատարածքն է եղել հայկական կողմինը, մյուս 400 հա հողատարածքը եղել է չեզոք գոտում, որը անցել է ադրբեջանական զինուժի հսկողության տակ:
Նա ապրիլյան քառօրյա պատերազմը մատուցել է որպես հաղթանակ, պատասխան է ունեցել բոլոր անակնկալ թվացող հարցերին: Ասել է` բոլորդ լրատվությունից ծանոթ եք, որ մենք ունեցել ենք մոտ 100 զոհ, իսկ ադրբեջանական զինուժը 1000-ին մոտ զոհ է տվել: «Բա դա հաղթանակ չի՞»: Պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչ թերություններ են եղել այդ ընթացքում, ով է թերացել իր գործում ապրիլյան պատերազմի նախորդ և հաջորդող ժամանակահատվածում:
Ի պատասխան, Սերժ Սարգսյանը հիշեցրել է իր 2016 թվականի ապրիլի 26-ի հրամանագրերը` համաձայն որոնց պաշտոններից ազատվեցին ՀՀ ՊՆ տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը։
«Ժողովուրդ օրաթերթին» փոխանցեցին, որ այս հանդիպումը ամենաինֆորմատիվն էր և Սարգսյանը շատ դեպքերում հայտնել է այնպիսի տեղեկություններ, որոնք անակնկալ են եղել հանձնաժողովի անդամների, աշխատանքները համակարգող Անդրանիկ Քոչարյանի համար։
Եվ չնայած Սերժ Սարգսյանն անուններ չի տվել, սակայն մատնանշել է մարդկանց, ովքեր կարող են ՀՀ ԶՈՒ շտաբի նախկին գլխավոր պետ Յուրի Խաչատուրովի նման կարևոր ինֆորմացիայի տիրապետել` հիմնականում ակնարկելով, որ խոսքն արդեն Պաշտպանության բանակի ներկայացուցիչների մասին է: Հանձնաժողովի վերջնական զեկույցը պետք է պատրաստ լինի հունիսի 4-ին:
Ուշագրավ է, որ 5 ժամանոց նիստն անցկացվեց ընդմիջումով. նախորդ նիստերում այդպիսի դեպքեր չէին եղել: Սակայն երեկվա նիստը մոտ կես ժամով ընդմիջվեց և ուշագրավ է, որ սրահից դուրս եկան միայն «Իմ քայլ»-ի մի քանի պատգամավորները՝ Քրիստինե Պողոսյան, Արմեն Խաչատրյան, Սիփան Փաշինյան, Տիգրան Կարապետյան, Արեն Մկրտչյան, իսկ մյուսները ընդմիջման ժամանակ մնացին նիստի համար նախատեսված սենյակում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






