1․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին ստացել է 1 մլն 530 հազար դրամ պարգևավճար՝ յուրաքանչյուր ամիս՝ 765 հազար դրամ։ Այս մասին թերթի գրավոր հարցմանն ի պատասխան 30-օրյա ժամկետում պատասխանել են ԱԳՆ-ից։
Մնացականյանի տեղակալներ Շավարշ Քոչարյանը հունվար և փետրվար ամիսներին ստացել է 558 հազարական դրամ, Գրիգոր Հովհաննիսյանը՝ 520 հազարական դրամ, Ավետ Ադոնցը 542 հազարական դրամ, Արտակ Ապիտոնյանը հունվարին ստացել է 689 հազար դրամ, իսկ փետրվարին՝ 520 հազար դրամ։
Նախարարն ու իր տեղակալները միասին վերցրած հունվարին ստացել են 3 մլն 75 հազար դրամ, իսկ փետրվարին 2 մլն 907 հազար դրամ պագևավճար։ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ 2020 թվականի հունվարից մինչև մարտի 13-ը ԱԳՆ աշխատակիցները՝ ներառյալ նախարարն ու իր տեղակալները, ստացել են 72 մլն 147 հազար դրամ պարգևավճար, ԱԳՆ-ում ներկա պահին աշխատում է 295 աշխատակից։
Նախարարությունն ունի 12 ծառայողական մեքենա, որոնց շահագործման համար նշված ժամանակահատվածում ծախսվել է 815 լիտր «պրեմիում» տեակի, 4460 լիտր «ռեգուլյար» տեսակի բենզին և 1270 լիտար դիզելային վառելիք:
2․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը կառավարության հետ քննարկում է պարենային անվտանգության հարցով հատուկ միջոցառումներ անցկացնելու հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշել է, որ դա վերաբերելու է առաջին հերթին աշնանացան ցորենին։Թե ինչպիսին կլինի առաջարկը, պարզ կլինի մոտ երկու շաբաթից։
3․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Կրթության նախարարության իրենց աղբյուրների փոխանցմամբ սկանդալային իրավիճակ է տիրում Ցեղասպանության թանգարան ինստիտուտում։
Պարզվում է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրավոր հանձնարարությամբ «Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի» հաշվեկշռում գտնվող հողամասը որոշվել է փոխանցել Երևանի քաղաքապետարանին։ Մինչդեռ այդ տարածքում նախատեսված էր կառուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշայգի։
Թե ինչու է տարելիցի հենց նախօրեին ՀՀ վարչապետը նման հանձնարարական տվել, ԿԳՄՍ-ում չգիտեն։ Այս տարի ՀՀ իշխանությունները Հայոց ցեղասպանության տարելիցի հանձնաժողով չեն ձևավորել։ Այդ հանձնաժողովը, ըստ ավանդույթի, կազմավորվում էր տարելիցից ամիսներ առաջ և այս տարվա անգործությունը որևէ առնչություն չունի կորոնավիրուսի համավարակի հետ, քանի որ հանձնաժողովը դեռ հունվար-փետրվարին պետք է սկսած լիներ իր աշխատանքները:
4․ «Իրավունք» թերթը գրում է, որ որոշ մարզերում անտառտնտեսության ղեկավարները ներքին կարգով հրաման են ստացել անտառներում հսկողությունը թուլացնելու, իսկ ավելի կոնկրետ փայտագողությունը թույլատրելու և փայտահատներին մի որոշ ժամանակով ազատ թողնելու համար:
5․ «Հրապարակ» թերթը գրում է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և կից նախագծերի փաթեթով նոր պաշտոններ կստեղծվեն դատախազությունում, ընդ որում՝ այս գործով մասնագիտացված դատախազները կստանան ավելի բարձր աշխատավարձ, քան իրենց գործընկերները:
Մասնավորապես, առաջիկայում կնշանակվի գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալ, աշխատավարձի դրույքաչափը՝ 12.50, մյուս տեղակալների դրույքաչափը գործող օրենքով 11.00 է: Նույն գործառույթներ իրականացնող վարչություն կգործի, որտեղ աշխատավարձերը ևս զգալի տարբերվելու են մյուս վարչությունների աշխատավարձերից:
6․ «Իրատես» թերթը գրում է, որ Հայաստանի կարևոր կառույցների մեկի՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավար կազմը իշխանությունը փորձում է յուրայիններով համալրել։ Թերթի տեղեկություններով, իշխանությունն ակտիվ լծվել է ընկերության ղեկավարի՝ Հայկ Ավագյանի փոփոխման հարցը գլուխ բերելու գործին։
7․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ երեկ Սերժ Սարգսյանը հյուրընկալվեց ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամներին:
«Ժողովուրդ» օրաթերթին այդ դռնփակ նիստից որոշ մանրամասներ են հայտնի դարձել։
Նիստի սկզբում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ներածական խոսքով, ասել այն, ինչ ԱԺ բակում խոսել էր լրագրողների հետ: Նշել է, որ եկել է խոսելու, բացատրելու, բարձրաձայնելու ժամանակը և ինքը պատրաստ է ամեն ինչի մասին բաց խոսելու, թաքցնելու, կաշկանդվելու ոչինչ չունի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպումն անցել է շատ հանգիստ, սակայն դա չի խանգարել պատգամավորներին հնչեցնել ամենատարբեր հարցեր՝ սկսած հետախուզության աշխատանքի, հեկտարներ կորցնելու, պայմանավորված պատերազմ-լինել չլինելու և մեղավորների մասին։
Թերթի տեղեկություններով, շատերին հետաքրքրել է, թե ինչպես եղավ, որ մինչ այս հանրության հայտնի ինֆորմացիան. այն է` հայկական կողմը կորցրել է 800 հա հողատարածք, հիմա մատուցվում է, թե 400 հա է եղել: Սերժ Սարգսյանը մարնրամասն բացատրել է, որ այդ 800 հա տարածքի միայն 400 հա հողատարածքն է եղել հայկական կողմինը, մյուս 400 հա հողատարածքը եղել է չեզոք գոտում, որը անցել է ադրբեջանական զինուժի հսկողության տակ:
Նա ապրիլյան քառօրյա պատերազմը մատուցել է որպես հաղթանակ, պատասխան է ունեցել բոլոր անակնկալ թվացող հարցերին: Ասել է` բոլորդ լրատվությունից ծանոթ եք, որ մենք ունեցել ենք մոտ 100 զոհ, իսկ ադրբեջանական զինուժը 1000-ին մոտ զոհ է տվել: «Բա դա հաղթանակ չի՞»:
Պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչ թերություններ են եղել այդ ընթացքում, ով է թերացել իր գործում ապրիլյան պատերազմի նախորդ և հաջորդող ժամանակահատվածում: Ի պատասխան, Սերժ Սարգսյանը հիշեցրել է իր 2016 թվականի ապրիլի 26-ի հրամանագրերը` համաձայն որոնց պաշտոններից ազատվեցին ՀՀ ՊՆ տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը։
«Ժողովուրդ օրաթերթին» փոխանցեցին, որ այս հանդիպումը ամենաինֆորմատիվն էր և Սարգսյանը շատ դեպքերում հայտնել է այնպիսի տեղեկություններ, որոնք անակնկալ են եղել հանձնաժողովի անդամների, աշխատանքները համակարգող Անդրանիկ Քոչարյանի համար։
Եվ չնայած Սերժ Սարգսյանն անուններ չի տվել, սակայն մատնանշել է մարդկանց, ովքեր կարող են ՀՀ ԶՈՒ շտաբի նախկին գլխավոր պետ Յուրի Խաչատուրովի նման կարևոր ինֆորմացիայի տիրապետել` հիմնականում ակնարկելով, որ խոսքն արդեն Պաշտպանության բանակի ներկայացուցիչների մասին է: Հանձնաժողովի վերջնական զեկույցը պետք է պատրաստ լինի հունիսի 4-ին: Ուշագրավ է, որ 5 ժամանոց նիստն անցկացվեց ընդմիջումով. նախորդ նիստերում այդպիսի դեպքեր չէին եղել: Սակայն երեկվա նիստը մոտ կես ժամով ընդմիջվեց և ուշագրավ է, որ սրահից դուրս եկան միայն «Իմ քայլ»-ի մի քանի պատգամավորները՝ Քրիստինե Պողոսյան, Արմեն Խաչատրյան, Սիփան Փաշինյան, Տիգրան Կարապետյան, Արեն Մկրտչյան, իսկ մյուսները ընդմիջման ժամանակ մնացին նիստի համար նախատեսված սենյակում։
8․ «Հրապարակ» թերթը գրում է, որ կորոնավիրուսն ու արտակարգ դրությունը խանգարել են նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ խափանել նրա պլանները։ Դեռ 15-20 օր առաջ նա նախատեսում էր իր կուսակցության հիմնադիր համագումարը հրավիրել, սակայն արտակարգ դրության ռեժիմն ու հանրային միջոցառումներ անցկացնելու արգելքը թույլ չտվեցին։
Այս ընթացքում արդեն մոտ 1700 մարդ՝ տարբեր ճանապարհներով, կապվել է նրա հետ և ցանկություն հայտնել՝ անդամագրվելու նրա կուսակցությանը, սակայն համագումարի օրն անգամ դեռ նշանակված չէ։ Արթուր Վանեցյանն ընկերների հետ քննարկում է անգամ առցանց համագումար անցկացնելու տարբերակը, որ կուսակցության ձևավորումը շատ չուշանա։
9․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո չնայած Արայիկ Հարությունյանի տարած համոզիչ հաղթանակին, Արցախի քաղաքական դաշտում դեռ անորոշություն է: Բանն այն է, որ Արայիկ Հարությունյանի քաղաքական ուժը՝ «Ազատ հայրենիքը», խորհրդարանում ունի 16 մանդատ, իսկ մյուս ուժերը միասին՝ 17, այսինքն՝ առանց կոալիցիա կազմելու դժվար կլինի կառավարելը և խորհրդարանում օրենքներ անցկացնելը։
10․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ Արման Կիրակոսյանը դատի է տվել ՊԵԿ-ին:
Նա ՀՀ վարչական դատարանից պահանջում է ՊԵԿ-ի 17.01.2020թ հրամանն անվավեր ճանաչել և, որպես իրավական հետևանք, իրեն հարկային ծառայության աշխատանքի վերականգնում` կրկին նշանակելով հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ: Բացի այդ, պահանջել է նաև հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով չստացված աշխատավարձը բռնագանձել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






