Հայաստանի Ազգային ժողովը հաջորդ շաբաթ կքննարկի ԵՄ անդամակցության վերաբերյալ արտախորհրդարանական ուժերի նախաձեռնությունը, գրում է «Ժողովուրդ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ քննարկմանը կմասնակցեն «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Հանուն Հանրապետություն» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը և «Հայաստանի Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Խզմալյանը վստահություն է հայտնել, որ ԱԺ-ն հավանություն կտա իրենց նախաձեռնությանը. «Հայաստանի իշխանությունները 3-4 ամսում հասկացան, որ ԵՄ-ին այլընտրանք չկա»,- մեջբերում է կայքը նրա խոսքերը։
2024-ի մարտի 13-ին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը քննարկելու առաջարկին։ Հայաստանի խորհրդարանը 2024-ի հունիսի 21-ին լսումներ էր անցկացրել ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հանրաքվեի վերաբերյալ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի հուլիսի 1-ին «ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ նպատակահարմար չէր համարել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացումը։ Նա հիշեցրել էր Եվրախորհրդարանի ամբիոնից արված հայտարարությունը, ըստ որի՝ «Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրամիությանն այնքանով, որքանով ԵՄ-ն դա հնարավոր կհամարի»:
2024-ի հոկտեմբերի վերջին ԵՄ-ին Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով օրենքի ընդունման համար ստորագրահավաքի նախաձեռնողները հայտնել էին 60 000 ստորագրություն հավաքելու մասին, որն ավելին է, քան անհրաժեշտ էր։
Հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու օրինագծին։ Կառավարության նիստում Փաշինյանը նշել էր, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը կարող է լուծվել միայն հանրաքվեի միջոցով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







