«Ապրիլյան պատերազմի հանգամանքների վերաբերյալ ես որևէ բան չունեմ թաքցնելու, ես միշտ ասել եմ, որ պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ես ոչինչ չունեմ թաքցնելու։ Եկել է ժամանակը, որ պատրաստ եմ պատասխանել հարցերին։ Ելնելով սրանից՝ ես դիմել եմ հանձնաժողով, որպեսզի իմ մասնակցությամբ նիստն անցկացվեր արտակարգ դրության ավարտից հետո, բայց հանձնաժողովը նպատակահարմար համարեց նիստն անցկացնել ամսի 16-ին, արտակարգ դրությունն էլ երկարացվեց։ Ուստի, ես այդ հնարավորությունից զրկված եմ։ Հարցն այնքանով է կարևոր, որ ոտքի վրա մեկ-երկու պատասխաններով ես չեմ կարող գոհացնել ո՛չ ձեզ, ո՛չ հանրությանը»,- ասաց երրորդ նախագահը։
Սերժ Սարգսյանը նաև խոստացավ՝ արտակարգ դրության ավարտից հետո ես հրավիրել ՀՀ-ում գործող բոլոր լրատվամիջոցներին և միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված բոլոր հարցերին պատասխանել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






