ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տիկտոկեր «222 լավա»-ին տուգանել է 109 մլն դրամով, հայտնել է բլոգերը։
«Հարկային դաշտը «222 լավա»-ին էլ հասավ՝ խոշոր բիզնեսատերերին։ Որ այսպիսի տուգանքներ եք ուղարկում, մտածո՞ւմ եք, որ մարդ կարող է բացել ու տեղում ինֆարկտ ստանալ։ Խոշոր հարկատուներին եք տուգանում 150 մլն դրամով։ Ես ո՛չ բիզնես ունեմ, ո՛չ առքուվաճառքի մեջ եմ, գովազդային ծառայություն եմ մատուցում Instagram-ով և TikTok-ով, որը Հայաստանինն էլ չէ։ Նույն ծառայությունը կարող եմ մատուցել ցանկացած երկրում»,- հրապարակված տեսանյութում ասել է բլոգերը։
Նա ընդգծել է, որ օրենքի ընդունումից հետո եկել է հարկային դաշտ, սակայն դեմ է, որ տուգանքը հաշվարկվի հետին թվով։ Ըստ նրա՝ անհրաժեշտ էր երկու ամիս հետևել բլոգերներին ու հրավիրել հարկային դաշտ։
«Հասկանում եմ, որ նեղվում եք, երբ փողեր եք տեսնում, բայց ծախսերը տեսնո՞ւմ եք։ Ես օրեր չեմ քնել, գիշերներ չեմ քնել ու եկել եմ հարկային դաշտ»,- ասել է բլոգերը։
Նշենք, որ ՊԵԿ-ը հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում 44 ինֆլյուենսերների անձնական գրասենյակների էջին էլեկտրոնային եղանակով ուղարկել էր 57 ծանուցագիր։
Հոկտեմբերի վերջին բլոգերները ՊԵԿ նախագահի հետ հանդիպման ժամանակ ողջունել էին գերատեսչության կողմից իրականացվող հավասար հարկային վարչարարության ապահովմանն ուղղված քայլերը։
Ըստ գերատեսչության՝ 2024 թ․ հունիսի համեմատ՝ նշված հարկ վճարողների շուրջ իրացման շրջանառությունը հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին աճել է համապատասխանաբար՝ 119%, 41% և 101%-ով։
2019 թվականին իշխանությունները հայտնել էին, որ հավասար հարկային վարչարարություն են ներդնում, որի ընդունմամբ՝ շահույթով գովազդային ծառայություններ մատուցող բլոգերները կհարկվեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






