ԱԺ-ն 34 կողմ, 79 դեմ, 0 ձեռնպահ ձայնով չընդունեց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրենքի նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագիծը վերաբերում է ձերբակալված և կալանավորված անձանց պահման վայրեր ԱԺ պատգամավորների այցելությանը և այդ անձանց հետ նրանց անարգել տեսակցելու հնարավորությանը:
Ներկայացնելով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը՝ Նիկոլայ Բաղդասարյանը կարծիք է հայտնել, որ այս կարգավորումը հեղինակները պետք է տային Քրեական դատավարության օրենսգրքում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը հարակից զեկույցում ներկայացրել է Կառավարության առաջարկը, որը չի ընդունվել հեղինակների կողմից: Գործադրի առաջարկով քրեակատարողական հիմնարկ անարգել մուտք և ելք գործելու իրավունք ունեցող անձը պետք է կարողանա նաև անարգել տեսնել այն ձերբակալված կամ կալանավորված անձին, ում վերաբերյալ առկա է համապատասխան սահմանափակող որոշում, ուղղել նրան հարցեր վարչակազմի ներկայությամբ, այսինքն՝ փաստացի տեսնել, բայց չտեսակցել: Եթե պատգամավորը ցանկանա առանձին ռեժիմում տեսակցել համապատասխան անձին, ապա պետք է դիմի վարույթն իրականացնող մարմնին և ստանա համապատասխան թույլտվություն, ընդ որում մերժումը այդ մարմնի կողմից պետք է լինի պատճառաբանված որոշմամբ: Փոխնախարարը կոչ է արել դեմ քվեարկել առաջարկվող կարգավորումներին, քանի որ դրանք չեն սպասարկում ոչ միայն քրեակատարողական հիմնարկում գտնվող անձանց, այլ նաև արդարադատության շահերը:
ԱԺ պատգամավորներն իրենց ելույթներում բարձրաձայնել են նախագծով նախատեսված իրավակարգավորումների դրական և բացասական կողմերը: ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն կառավարության առաջարկն անընդունելի որակեց՝ նշելով, որ կալանավորը բերդի կամ գաղութի պետի ներկայությամբ օբյեկտիվ չի արտահայտվի։
Իր հերթին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ թեև օբյեկտիվորեն որևէ խոչընդոտ չկա ձերբակալված կամ կալանավորված անձի հանդիպելու, բայց չեն կարող ելնել այն կանխավարկածից, որ այսօր չկա, վաղն էլ չի լինի։
ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն երեկվա իր ելույթում նշել է, որ «Իմ քայլը» և արդարադատության նախարարությունը օրենքի կարգավորումները մեկնաբանում են այնպես, ինչպես այն 2010 թվականից սկսել է մեկնաբանել Հրայր Թովմասյանը, երբ նշանակվել էր արդարադատության նախարար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






