Արդարադատության նախարարության Հարկադիր կատարման ծառայության պետի հավանական թեկնածուն ԱՆ ղեկավարի նախկին տեղակալ Դավիթ Բեգինյանն է, որը տարիներ առաջ իր դիմումի համաձայն հեռացել էր համակարգից, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Թերթը տեղեկացրել է, որ 2019 թվականի հուլիսի 19-ին Բեգինյանը նշանակվել էր Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն 2020 թվականի մարտի 9-ին ազատման դիմում էր ներկայացրել և հեռացել, քանի որ, ըստ թերթի, այդ ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը որոշել էր ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակել իր քավորին:
«Բեգինյանը, 21 տարի աշխատելով ԴԱՀԿ ծառայությունում, երբևէ աչքի չի ընկել ակտիվությամբ։ Այսօր նրանից նոր որակի ակտիվ աշխատանք պահանջելն այդքան էլ իրատեսական չէ: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, սակայն, նրա հետ հույսեր է կապում»,- թերթին հայտնել են ծառայության աղբյուրները։
Փաշինյանը նոյեմբերի 15-ին կառավարության նիստում քննադատել էր իրավապահ մարմինների աշխատանքը և ասել, որ իրեն չի բավարարում երկրում տիրող հանցավորության մակարդակը, իր «համբերության բաժակը լցվել է», և ինքը կկատարի համապատասխան որոշումներ։ Վարչապետի քննադատությանը հաջորդել էր նոյեմբերի 18-ին իրավապահ մարմինների մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը։
Հրաժարական էին տվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը և ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Իր պաշտոնը լքել էր նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նոյեմբերի 18-ին Փաշինյանը նշել էր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների պատճառը։ Նոյեմբերի 22-ին վարչապետը ներկայացրել էր պաշտոնյաների վերջին հրաժարականների մանրամասները և հաստատել, որ դրանք կատարվել են SMS հաղորդակցության միջոցով։ Նա կադրային փոփոխություններն անվանել էր «ոչ թե հակասական, այլ աշխատանքային»՝ նշելով, որ բարձր է գնահատում պաշտոնաթող պաշտոնյաների աշխատանքը։
Դեկտեմբերի 5-ին Փաշինյանն Արսեն Մնացականյանին ազատել էր ԱՆ հարկադիր կատարման ծառայության պետի պաշտոնից։






































