ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ վարչապետի ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի հետ ունեցած խնդիրներին։
Ռևազյանը սկզբում նշեց, որ համագործակցության առումով միշտ բաց է եղել, սակայն գործնական հարաբերություններում որոշակի խնդիրներ ունեցել են։
«Մի քանի խնդիրներ կառանձնացնեմ։ Մենք ստացել էինք հայեցակարգի մշակման հանձնարարական։ Պարոն Ճաղարյանն ուներ մշակած հայեցակարգ և նշեց, որ իր կողմից մշակված հայեցակարգն իր համար վերջնական և այլ ձևաչափով չի պատրաստվում աշխատել։ Ինձ համար նման մոտեցումն անընդունել է, պետք է բաց լինել թիմային առումով աշխատելու համար»,- ասաց Ռևազյանը։
Քաղավիացիայի կոմիտեի նախագահը նաև նշեց՝ երբ տեղեկացան, որ Թռիչքային անվտնագության եվրոպական գործակալությունը պետք է գար ստուգումների, Ճաղարյանն ասաց, որ կարող է երեք մասնագետների առաջարկել խորհրդատվության համար։
«Երբ ուսումնասիրեցի նրանց ինքնակենսագրականները, անհրաժեշտություն տեսա, որ պետք չէ նրանց աջակցությունը, քանի, որ գալու էին մեկ շաբաթով, փաստաթղթեր պատրաստեին, գնային և այդ ամենի համար պետք է նրանց վճարվեր 30 000 դոլար։ Ընդ որում, նրանք ոչ թե թռիչքային անվտանգության, այլ ավիաընկերությունների հարցերով են զբաղվել։ Սակայն մեր խնդիրը ոչ թե փաստաթղթերն էին, այլ մեր մասնագետների կողմից դրանք մեկնաբանելը»,- ասաց Ռևազյանը։
Կոմիտեի նախագահը նշեց, որ իրականում ինքը ճիշտ է վարվել՝ չընդունելով այդ մասնագետների աջակցությունը, քանի որ երբ եկան ստուգման, հասակացան, որ այդ դեպքում ավելի լուրջ խնդիրներ կունենայինք։
«Մենք ներգրավվել են Հոլանդիայից մասնագետի, որը 20 տարուց ավելի աշխատանքի փորձ ունի և մեզ հետ կաշխատի մի քանի ամիս՝ օգնելով բարելավել մեր մասնագետների տեսչական աշխատանքի որակը»,- ասաց Ռևազյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






