Ազգային ժողովում բռնության կոչերի քրեականացմանը միտված նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պնդեց, որ բռնության քարոզն ու բռնության կոչերը քրեականացնող օրինագիծը որոշակիության պակաս ունի։ Ըստ նրա՝ պետք է բացատրել՝ որն է հրապարակային կոչը։
«Եթե ես տանը մի սենյակում ինքնամեկուսացվեմ, սկսեմ սրան-նրան հայհոյել, սա բռնության կոչ չէ։ Բայց հրապարակայինը ո՞րն է, երկու հոգո՞ւ ներկայությամբ, չո՞րս հոգու», – ասաց Պետրոսյանը։
Մյուս կողմից Պետրոսյանը կասկածի տակ դրեց արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի այն պնդումը, որ բռնության կոչն ու դրա արդարացումը նույնպիսի արարքներ են։
«Եթե մեկը գրել է՝ ասենք ինչ-որ մեկին պետք է ապտակել կամ պատժել, ես էլ լայքում եմ «Ֆեյսբուքում», դա բավարար է, որ ինձ տանեն, քրեական պատասխանատվության ենթարկե՞ն»,- ասաց Պետրոսյանը
Նա հիշատակեց նաև զինվորի համազգեստով «մեյմունության անելու» տարածված տեսանյութի հեղինակին։
«Եթե ասեմ՝ զինվորի համազգեստը պղծողի ականջը պետք է ոլորել կամ դրան պետք է պատժել, ինձ սրա համար պիտի տանեն, պատասխանատվության ենթարկե՞ն», – ասաց Պետրոսյանը։
Պետրոսյանը գովելի է համարում եվրոպական իրավունքի բարձունքներին ձգտելը, սակայն չպետք է մոռանալ հայ լինելն ու ավանդական արժեքները
«Պատմությունից պետք է դասեր քաղել»,- եզրափակեց պատգամավորը։
։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






