Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ շատ կարևոր վիճակագրություն ունենք․ առաջին անգամ մեր դրական դեպքերը գրեթե կրկնակի քիչ են, քան՝ առողջացած դեպքերը։
«Երեկվա դրությամբ մենք 54 դուրսգրում ենք ունեցել։ Այսօր ունենք ընդհանուր 756 ակտիվ դեպք։ Այսինքն՝ ակտիվ դեպքերի որոշակի նվազում ունենք։ Սա էլ է առաջին անգամ։ Մեր վարակակիր պացիենտների թիվը ոչ թե աճում է, այլ նվազում է»,- նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չնայած դրական դեպքերին՝ պետք է զգոնությունը չթուլացնել և հետևել պարետ ցուցումներին։
«Ուզում եմ ասել, որ այս վիճակագրությունը մեզ թույլ է տալիս ասել, որ մենք հնարավորություն ունենք՝ վարակի ողնաշարը ջարդելու։ Հիմա շատ մեծ բան է կախված մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունից»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ պարետատան նոր որոշման շրջանակներում տասնյակ հազարավոր մարդկանց հնարավորություն են տվել վերադառնալ աշխատանքի, սակայն գործատուներն էլ պետք զգոն լինեն և պահպանեն աշխատակիցների առողջությունը։
«Այս փուլում ես առանձնահատուկ կարևորություն եմ տալիս գործատուների պատասխանատվությանը, թե ինչքանով են նրանք ապահովում պայմաններ իրենց իսկ ընկերությունների աշխատակիցների վարակվելու հնարավորությունը նվազեցնելու համար։ Կոչ եմ անում բոլոր գործատուներին ձեռնարկել առանձնահատուկ հակահամաճարակային միջոցառումներ»,- նշեց վարչապետը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ շուտով եղանակը կտաքանա, որը, որոշ մասնագետների կարծիքով, դրական ազդեցություն կունենա համավարակի տարածման վրա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե մենք նախանձախնդիր լինենք բոլոր միջոցառումների իրականացման հարցում, ապա կունենանք չափազանց լուրջ շանս ջարդելու համաճարակի ողնաշարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







