Արտակարգ դրության ընթացքում Հայաստանում ինքնամեկուսացվել է մոտ 7 հազար անձ, արձանագրվել է մոտ 400 խախտումների դեպքեր: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ հատուկ նիստում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Ավինյանը հայտնեց, որ ոստիկանությունը գնացել է այդ խախտումների հետքերով, արձանագրվել են այդ խախտումները։
Ավինյանը հայտարարեց, որ քաղաքացիների տեղորոշման գործիքի կիրառումից ի վեր այդ եղանակով վերլուծվելէ թվով 315 հիվանդի կոնտակտներ, և վերհանվել է թվով 3029 քաղաքացու կոնտակտ, որոնք լրացուցիչ կոնտակտներ են։
«3029 կոնտակտ համակարգի կողմից ավտոմատ տեղորոշվել է: Դրանց բոլորի հետ կապ է հաստատվել և նրանից մի մասը ինքնամեկուսացվել է»,- ասաց Ավինյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին, թե արդյոք ճիշտ չէր լինի այդ 3029 անձանց թեստավորել, որ ով վարակակիր է, մեկուսացվի, ով վարակաիր չի, նրա վերաբերյալ տվյալներ չհավաքել՝ պարետը նշեց, որ դա իդեալական տարբերակ կլիներ, եթե չլիներ հիվանդության 14-օրյա ինկուբացիոն շրջանը, որի ընթացքում պոտենցիալ վարակակրի մոտ ՊՇՌ թեստ անելու դեպքում վարակի չափաքանակը այնքան չի լինի, որ արձանագրվի, որ նա վարակակիր է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







