ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը կռվախնձոր է դարձել «Քաղաքացիական պայմանագրի» ներսում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի միջև, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը հիշեցրել է, որ նրանք են ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանի հետ նախաձեռնել Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքը։
«Սիմոնյանը վստահեցրել է՝ ամեն ինչ անելու է, որ Արփի Դավոյանը նախարար դառնա։ Վերջին պահին, սակայն, Սիմոնյանն անակնկալ ձևով Հրաչյա Հակոբյանի հետ առաջ է տարել իրեն ընկեր դարձած Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը, որը, սակայն, դարձյալ չի ընդունվել»,- նշել է թերթը։
Սեպտեմբերի 25-ին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ խմբակցությունում ստորագրահավաք են սկսել Մինասյանի հրաժարականի համար։ Պատգամավորը նշել էր, որ նախաձեռնության հեղինակները նախատեսում են դիմել վարչապետին՝ Մինասյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը քննարկելու համար:
Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 2-ի հրամանագրով պաշտոնանկ էր արել Արդարադատության նախարարին: