Նախօրեին վարչապետի քաղավիացիայի հարցերով խորհրդականի պաշտոնից ազատված Հակոբ Ճաղարյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն, գրում են լրատվամիջոցները:
Այս տեղեկությունը News.am-ին հաստատել է Ճաղարյանի կինը։
Հիշեցնենք, որ Հակոբ Ճաղարյանին վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին լուրից հետո վերջինս Facebook-ի իր էջում գրել էր, որ նա մամուլից իմացել է, որ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վերջապես ստորագրել է իր հրաժարականի դիմումը, որը նա ներկայացրել էր ապրիլի 6-ին:
Ճաղարյանի խոսքով՝ ինքը որոշել է հրաժարական տալ քաղաքացիական ավիացիայի ոլորտում «կործանիչ և հակապետական» մոտեցումների պատճառով։
«Անցած շաբաթ օրը՝ ապրիլի 4-ին, ես վարչապետին ներկայացրեցի իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական անգամ ներկայացրեցի իրական պատկերը քաղաքացիական ավիացիայի ոլորտում՝ առանց ստի և իրավիճակը նենգափոխելու», — նշել է նա:
Ճաղարյանը նշել է, որ զեկույցում ինքը վարչապետին խնդրել է իրեն թույլ տալ «կրթված, կազմակերպված, երկիրը և ավիացիան սիրող մարդկանց» թիմի հետ լուծել ոլորտում կուտակված խնդիրները, այլապես ստիպված կլինի հրաժարական տալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






