1․ «Հրապարակ» թերթը գրում է, որ իշխանությունը շարունակում է իր պատերազմը Սահմանադրական դատարանի նկատմամբ:
«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկում է փոխել «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածը: Գործող օրենքով՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկվում է թեկնածուի առաջադրումից հետո՝ ԱԺ հերթական նիստում:
Պատգամավորն առաջարկում է օրենքի «հերթական» բառը փոխարինել «առաջիկա» բառով և այդպիսով ՍԴ դատավորի ընտրության հարցը քննարկել նաև արտահերթ նիստում:
2․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ապրիլի 3-ին պարզ դարձավ, որ եվրոպական հանձնաժողովը պատրաստել է մի զեկույց, որով հայկական ավիացիային, այսպես ասած, կարմիր քարտ է ցույց տվել։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ամենը երկար նախապատմություն ունի։ Առաջին անգամ, պարզվում է, դեղին քարտ է ցույց տրվել 2019 թվականի դեկտեմբերի 9-ին, երբ Եվրահանձնաժողովը նախազգուշացրել էր, որ կարող է հայկական ավիացիան Եվրոպայի տարածքում արգելվի, և կգան ուսումնասիրությունների։
Եվ, ահա, նրանք փետրվարին այցելել են Հայաստան, ուսումնասիրել, իրենց նախնական գնահատականներից չեն հրաժարվել ու արդեն մարտի 6-ին կարմիր քարտ են ցույց տվել։
Այսինքն՝ այս որոշումն ամենևին էլ անակնկալ չի եղել, և Եվրահանձնաժողովի համապատասխան ստորաբաժանման՝ մայիսին պլանավորված նիստում հնարավոր է պատժամիջոց կիրառվի, և Հայաստանը հայտնվի արգելքի տակ գտնվող երկրների ցանկում։
3․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ արտակարգ դրության և կորոնավիրուսի համաճարակի տարածման հանգամանքով պայմանավորված՝ փոփոխություններ են եղել նաև Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներում, որի մասին առաջիկայում նաև պաշտոնական հաղորդագրություն կլինի։ Աշխատանքները կվերսկսվեն միայն արտակարգ դրության ավարտից հետո։
Հանձնաժողովի գործունեությունը սկսելուց հետո՝ եռամսյա ժամկետում, պետք է մշակվեր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովվեր դրա հանրային քննարկումը և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը մշակվեր ու վարչապետի աշխատակազմ ներկայացվեր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։
4․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա սանիկ՝ Նորայր Փանոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասով հարուցված քրեական գործի շրջանակներում, որպես վկա, հարցաքննվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ նախաքննական մարմնին տված ցուցմունքները հայտնվել են «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում։ Մասնավորապես, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղի 14 շենքի 162 տարածքում նոտարական գործունեություն իրականացնելու համար Տիգրան Մուկուչյանի կնոջ դեպքում ավելի քիչ վարձավճար է սահմանվել, քան մյուսների համար։
Թե ինչ է պատասխանել այս հարցին ԿԸՀ նախագահը, և թե ինչ ցուցմունք է տվել, մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթում։
5․ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է ՄԻԵԴ-ի վճիռների պատճառով գումարներ վճարել։ Այս անգամ էլ ՄԻԵԴ «Համբարձումյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով կայացվել է վճիռ, որով Հայաստանի հանրապետությունը պարտավոր է դիմումատուին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում վճարել 1,200 (հազար երկու հարյուր) եվրոյին համարժեք դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դիմումատուն աշխատել է՝ որպես Աբովյանի ուղղիչ հիմնարկի կանանց տեղամասի պետի տեղակալ, ում 2010 թվականի փետրվարի 2-ին մեղադրել են կաշառք ստանալու համար։
6․ «Փաստ» թերթը «Ալեքս տեքստիլի» աշխատակիցներից ահազանգեր է ստացել, որ խնդիրներ ունեն աշխատավարձերի ստացման հետ կապված: Մասնավորապես՝ նրանք վարձատրվել են մարտ ամսվա աշխատած օրերի համար:
14 օր է, ինչ չեն աշխատում, սակայն վարձատրվել են միայն 4 օրվա համար: Նրանք գրանցված աշխատող են, ընկերության հետ կնքել են պայմանագրեր, աշխատավարձն էլ ստանում են բանկային քարտերի միջոցով:
Հարցի հետ կապված պարզաբանում ստանալու համար «Փաստը» դիմել է «Ալեքս տեքստիլ» ընկերությանը, որտեղից ասել են, թե իրենց ընկերությունում բոլոր հարցերը կարգավորվելու են աշխատանքային օրենսդրության սահմաններում:
7․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում միջադեպ էր տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացների միջև: Ըստ ոստիկանության՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ քաղաքացիները չեն ունեցել պարետի որոշմամբ համապատասխան փաստաթուղթ, որի համար նրանց տարել են բաժին, որպեսզի վարչական պատասխանատվության ենթարկեն։
Պարզվում է՝ պարետի համապատասխան թուղթը չի ունեցել Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանը, որին էլ իրավապահները ծեծել են:
Ի դեպ, ըստ թերթին հասած լուրերի՝ ծեծի ենթարկելու միջադեպերից մեկի կիզակետում կանգնած է Սիսիանի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանը:
8․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ԱԺ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի երեկվա նիստը, որտեղ քննարկվել է Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 16-ի նիստին ներկայանալու հարցը, շատ երկար չի տևել: Ներկա չեն եղել Սիփան Փաշինյանն ու Արեն Մկրտչյանը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարդացել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի նամակը, ապա` իրենց պատասխանը նամակին: Գրել, որ համաձայն են նիստից առաջ անցնել կորոնավիրուսի թեստ և նիստի ձայնագրությունը տրամադրել երրորդ նախագահին:
ՀՀԿ-ում որոշել են, որ տարբեր ընթացակարգերին ու պսևդո իրավական հիմքերին կատարված հղումները հող են պատրաստում, որ հետագայում մերժեն ձայնագրության տրամադրումը։ Նրանք պահանջում են հստակ ասել՝ այո կամ ոչ:
9․ Արցախում ներկայումս բավականին բուռն հետընտրական զարգացումներ են տեղի ունենում, իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ 1 տոկոսից մի քիչ ավելի հավաքած «Արցախի հեղափոխական կուսակցությունը» Ստեփանակերտի փողոցներում օրերս փորձեց բողոքի ակցիա անցկացնել։
«Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, այդ բողոքի ակցիան իրականացվում էր հայաստանյան իշխանության սորոսական թևի հրահրմամբ, ինչն այդքան էլ Նիկոլ Փաշինյանի սրտով չէ: Թերթի տեղեկություններով, ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը փորձում է ամեն կերպ սանձել իրադարձությունների զարգացումները, քանի որ Փաշինյանն ընդունում է Արցախում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






