Հայաստանը տարիներ շարունակ միջազգային տարբեր ատյաններում բարձրաձայնել է եզդիների նկատմամբ իրականացված հանցանքների մասին, գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եզդի ժողովրդի նկատմամբ Սինջարում իրականացված ցեղասպանության 10-րդ տարելիցի իր ուղերձում։
Նա հիշեցրել է, որ այս տարի ՀՀ խորհրդարանի կողմից «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ օգոստոսի 3-ը Հայաստանում նշվում է որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
«Իմ զորակցությունն եմ հայտնում Հայաստանի ու աշխարհի եզդիներին և վստահեցնում, որ Հայաստանի Հանրապետությունն իր միջազգային հնարավորությունների շրջանակում շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը՝ բացառելու մարդկության դեմ ուղղված նման ոճրագործությունների կրկնությունը»,- գրել է Սիմոնյանը:
Հյուսիսային Իրաքում 2014-ի օգոստոսին հարձակման ընթացքում ԻՊ գրոհայիններին հաջողվել է գրավել Սինջարը, ինչից հետո նրանք իրականացրել են այնտեղ ապրող եզդիների զանգվածային մահապատիժներ, ինչի հետևանքով, տարբեր տվյալներով, 50-60 հազար եզդիներ ստիպված են եղել փախչել Շենգալի լեռներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







