«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ներքին զրույցներում մտահոգություն են հայտնում, որ պետք է միջոցներ ձեռնարկել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շուրջ իրավիճակը լիցքաթափելու համար, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ իշխանությունները կարծում են, որ իրավիճակը կարող է պայթյունավտանգ դառնալ՝ իրենց համար բացասական հետևանքով։
Թերթի պնդմամբ՝ այդ անհանգստություններով է պայմանավորված ոստիկանական զորքերի երեկ՝ մայիսի 27-ին դրսևորած խիստ գործելաոճը, որոնք, ըստ թերթի, ձերբազատվել էին նախորդ օրվա վախվորած կեցվածքից։
Լրատվականը հավելել է, որ մայիսի 26-ի հանրահավաքից իշխանականներն անակնկալի են եկել, քանի որ նախորդ օրերին ինտենսիվ ռեժիմով ազդարարել են, թե շարժումը մարել է։ Նրանք կարծել են, որ Լոռվա մարզի աղետն ամբողջությամբ կխափանի հանրահավաքը և անակնկալի են եկել՝ տեսնելով հրապարակում այդքան մարդու, նշել է թերթը։
Թերթի աղբյուրները նշել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի գիշերել Պռոշյանի առանձնատանը և Լոռու մարզից Սևանի ամառանոց է մեկնել։
Մայիսի 26-ի հանրահավաքին Գալստանյանը կոչ էր արել երթով շարժվել դեպի կառավարական ամառանոց, որտեղ նպատակ ուներ հանդիպել գործող վարչապետ Փաշինյանի հետ, որը, սակայն, գտնվում էր աղետի գոտում՝ Լոռու և Տավուշի մարզերում առաջացած հեղեղումներից հետո։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացը սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Բագրատ Գալստանյանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






