Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ՝ մարտի 31-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։ Ակս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ՝ միաժամանակ ընդգծելով համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցության և գործողությունների համակարգման կարևորությունը:
Զոհրաբ Մնացականյանը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով Հայաստանին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար:
ԱԳ նախարարը իր համերաշխությունն ու զորակցությունը հայտնեց իր գործընկերոջը՝ ԱՄՆ կառավարության՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող պայքարում:
Զրուցակիցներն անդրադարձել են ցամաքային և օդային փոխադրումների սահմանափակումներով պայմանավորված մարդկանց տեղաշարժման խնդիրներին: Այս առնչությամբ նախարար Մնացականյանն անդրադարձել է ԱՄՆ-ում գտնվող և Հայաստան վերադառնալու հնարավորություն չունեցող ՀՀ քաղաքացիների առջև տեղում ծառացած մի շարք խնդիրներին՝ դրանց հասցեագրման հարցում կարևորելով նաև ամերիկյան կողմի աջակցությունը:
Զրուցակցի խնդրանքով՝ նախարար Մնացականյանը ներկայացրել է նախօրեին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած ռազմական միջադեպի արդյունքում առաջացած իրավիճակը:
Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերն ընդգծել են երկկողմ պատրաստակամությունն ակտիվ քայլեր ձեռնարկելու հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի պահպանման ու ընդլայնման ուղղությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






