«Որևէ ձևով չհրահրված» արտահայտությունը նշանակում է, որ հրադադարը խախտող կողմի գործողությունները որևէ ձևով պայմանավորված չեն եղել մյուս կողմի այս կամ այն գործողություններով։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Աննա Նաղդալյանը նշել է, որ այս տերմինը լայնորեն օգտագործվում է հակամարտային իրավիճակներում:
«Մենք իրապես զարմացած ենք, որ մեր որոշ փորձառու փորձագետներ իրենց համար նոր են բացահայտում այս տերմինը: Միաժամանակ ափսոսանքով պետք է նշեմ, որ որոշ փորձագետների մոտ միջազգայնորեն ընդունված ռազմաքաղաքական տերմինաբանության ընկալման բարդությունները պայմանավորված են միայն ներքաղաքական բնույթով»,- նշել է Աննա Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայ դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ էր շպրտվել։ Գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ, հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում: Երեխան տեղափոխվել է Երևան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր:
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանն արհամարհում է ՄԽ համանախագահների և ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






