Մայիսի 13-ին ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց տեղի ունեցավ բողոքի ացիա՝ ի աջակցություն արցախցիների հայրենիք վերադարձի։ Ակցիայի մասնակիցները վանկարկումներով և նույնաբովանդակ պաստառներով դիմավորեցին ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջին, որն այսօր ժամանել է Հայաստան։
Նրանք ցանկանում էին նամակ փոխանցել Բորջին, սակայն ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ հյուրին, ինչի պատճառով նամակը փոխանցվեց ԱԳՆ-ում սպասվող մամուլի ասուլիսին հավատարմագրված «Кавказский Узел» լրատվականի արցախցի լրագրողի միջոցով։
Նամակի բովանդակության մասին Armenia Today-ին պատմեց «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը։ Նա ընդգծեց, որ նամակը պարզաբանում է Ադրբեջանի կազմում արցախցիների՝ որպես ազգային փոքրամասնությունների համատեղ ապրելու անհնարինությունը։

«Մենք նամակում ներկայացրել ենք, որ ոչ մի ազգ ինքնակամ չի թողնում հայրենիքը և հեռանում։ Մենք հեռացել ենք, որովհետև մեզ սպառնում էր նոր ցեղասպանություն։ Եթե մեզ ասում են, որ պետք է ապրենք Ադրբեջանում որպես ազգային փոքրամասնություն, ապա մեր նամակում ապացույցներ ենք բերել, որ դա անհնարին է։ Ադրբեջանը վարում է հայատյաց քաղաքականություն, բոլորս տեսել ենք ինչպես 2020թ․, այնպես էլ 2023․ ցեղասպանությունները»,- ասաց նա։
Քարամյանը նշեց, որ նամակի տակ ստորագրել են 200-ից ավելի արցախյան ՀԿ-ներ, անհատներ։ Նա հավելեց, որ այս ակցիան Արցախ վերադարձի թեման մշտապես արթուն պահելու նպատակով է, այդ թվում՝ միջազգային հանրության աչքի առջև և նշեց, որ ակնկալիքներ չունի։
«Ակնկալիքներ երբևէ չենք ունեցել, ոչ էլ պատրանքներով ենք առաջնորդվում, բայց միևնույն է՝ մենք մեր պայքարը չենք դադարեցնելու»,- նշեց նա։

Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից, Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն ՀԿ համահիմնադիր, Ադրբեջանական ԽՍ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը նշեց, որ Արցախի կորուստը բոլոր 4 ղեկավարների վարած քաղաքականության հետևանքն է, և ակնկալիքներն, առաջին հերթին, պետք է լինեն ոչ թե միջազգային հանրությունից, այլև ՀՀ իշխանություններից։

«Ճիշտ կլիներ հարցը ձևակերպել այսպես՝ իսկ ի՞նչ եք ակնկալում քաղաքական վերնախավից, որ 30 տարի մսխել է 1988-1994 թվականներին հայության տարած ռազմական և քաղաքական հաղթանակը։ Այդ ինչպե՞ս մսխեցիք հայ ժողովրդի ողջ ռեսուրսները, նրա գոյատևման, տնտեսական հիմքերը, քաղաքական բազան։ ԵԱՀԿ-ն նայում, տեսնում է՝ ցանկություն ունի՞ հայ ժողովորդը վերապրելու, եթե այո, ապա ինչո՞ւ էր նրա քաղաքական վերնախավը 30 տարի ամուլ․ սա է հարցը»,- ասաց Ավագյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






