Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին, տարբեր հաշվարկներով, մասնակցել է 30-60 հազար մարդ։ Armenia Today-ին ոստիկանությունը չի հստակեցրել, թե իրենց հաշվարկներով քանի հոգի է մասնակցել։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնել է 60 հազար մարդու մասնակցության մասին։ Շարժումը հրապարակել է նաև դրոնով նկարահանված տեսանյութ։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի տվյալներով՝ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում հավաքվել է մոտ 31 700 մարդ։ Միաժամանակ՝ կազմակերպությունը պարզաբանել է, որ դիտարկումներ չի իրականացրել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ դեպի Երևան երթի ընթացքում։
ՆԳՆ ԶԼՄ և հասարակայնության հետ կապի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը Armenia Today-ի հարցմանն ի պատասխան ասաց, որ ոստիկանությունը չի տիրապետում հանրահավաքի մասնակիցների թվին, նման հաշվարկներ չեն իրականացնում։
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։
Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել էին նաև ՀՀ այլ մարզերում։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան: Բողոքի ակցիայի մասնակիցները երթով Երևան են հասել մայիսի 9-ին:
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր շարժման հետագա քայլերի մասին, որոնք պետք է հանգեցնեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Նա նշել է, որ Փաշինյանի իմպիչմենտի համար ԱԺ-ում գործընթաց են սկսելու, նաև կոչ է արել անհնազանդության ակցիաներ իրականացնել։




































