ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ մարտի 31-ին, տեղի ունեցած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ չընդունեց կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
«Լուսավոր Հայաստան» և «Բարագավաճ Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը:
Նախքան քվերակությունը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ դեմ են նախագծին:
«Տեսնում ենք, որ իշխող կուսակցությունը 65 հոգուց ավելի մարդ չունի այժմ: Առաջարկում եմ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեր գործընկերներին չմասնակցել քվեարկությանը: Մենք չենք մասնակցելու»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ այս կերպ նախագիծը չի ընդունվի։
Նախագծով նախատեսվում է օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ:
Ըստ նախագծի՝ համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ կարող է միջամտություն իրականացվել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին: Սա վերաբերում է բացառապես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակին, այսինքն՝ այլ արտակարգ դրությունների դեպքում միջամտություն անձնական տվյալներին, մասնավոր և ընտանեկան կյանքին չի ենթադրվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






