1․ «Հրապարակ» թերթը գրում է, որ երեկ Կոտայքի մարզի Ալափարս գյուղից մոտ 30 քաղաքացի են տարել մեկուսացման: Նրանք, ըստ տեղեկությունների, օրերս կորոնավիրուսից մահացած Ալափարսի 55-ամյա բնակչուհու և նրա հարազատների հետ շփում ունեցած անձինք են: Նախօրեին էլ 18 հոգի էին Չարենցավան քաղաքից տարել թեստավորման:
Նախնական հաշվարկով՝ Չարենցավանից վարակվածների թիվը, ըստ պաշտոնական աղբյուրների, հասնում է շուրջ 60-ի, իսկ մեկուսացվածների թիվը՝ մի քանի հարյուրի: Թերթի տեղեկություններով՝ քննարկվում է քաղաքը փակելու հարցը:
2․ «Հրապարակ» թերթը գրում է, որ երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ 57 կողմ, 1 ձեռնպահ ձայնով ընդունեց կառավարության ներկայացրած աղմկահարույց նախագիծը, որով իշխանությունը մտադիր է տոտալ վերահսկողություն իրականացնել մարդկանց հաղորդակցության նկատմամբ։ Եվ չնայած շատերը դեմ էին, նախագիծն անցավ։ Որոշ իշխանական պատգամավորների կողմ չեն քվեարկել: Ձեռնպահ է քվեարկել Քրիստինե Պողոսյանը, չեն քվեարկել Լուսինե Բադալյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Նարեկ Զեյնալյանը, Լենա Նազարյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Վաղարշակ Հակոբյանը, Նազելի Բաղդասարյանը, թեեւ ներկա էին նիստին:
3․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունից վեց ամիս անց Քննչական կոմիտեն որոշել է քրեական գործով նոր փորձաքննություններ նշանակել։ Եվ, թերթի տեղեկություններով, նշանակվել են դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություններ:
4․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Արցախ մեկնող ԱԺ պատվիրակության թեստավորումից հետո լուրեր էին տարածվել, որ իմքայլական երկու պատգամավորի մոտ թեստը դրական է եղել, և այդ լուրերը խուճապ էին առաջացրել պատգամավորների շրջանում:
Դրանից հետո ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորներ շտապել էին «Նաիրի» ԲԿ՝ կորոնավիրուսի թեստ հանձնելու: Հիվանդանոցի ընդունարանում տեսել էին Շաքե Իսայանին, Նաիրա Զոհրաբյանին, Արթուր Գրիգորյանին, Կարինե Պողոսյանին։ Բոլորի թեստը բացասական էր եղել:
Ինչ վերաբերում է 2 վարակակիրներին, ապա օրվա ընթացքում Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նրանք երկրորդ անգամ են թեստ հանձնել, արդյունքները բացասական են եղել:
Ի դեպ, Արցախի ընտրություններում դիտարկում անելու մեկնած ՀՀ ԱԺ պատվիրակությունը ղեկավարել է ոչ թե Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, այլ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Իսկ 2 պատգամավորները, որոնց առաջին թեստը դրական է եղել, հանվել են պատվիրակության կազմից:
5․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այսպիսի կարգավորումներ մտցնելու հեղինակն ու կողմնակիցը եղել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, և «Իմ քայլը» խմբակցության մեջ ևս կան մարդիկ, որոնք դեմ են այս կարգավորումներին, այն սխալ են համարում։
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ պատգամավորներից մի քանիսը հանդիպել են ՀՀ փոխվարչապետին՝ նրա հետ այս նախագիծը քննարկելու համար։
6․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ապրիլյան պատերազմի հարցերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը ծանուցագիր կուղարկվի նաև Սերժ Սարգսյանին՝ հերթը հասել է նրա հարցաքննություն տալուն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






