ԼՂ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ և ավտոշարասյուն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար, «Արմենպրես»-ին հայտնել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Արցախում տեղակայվելու համար ՌԴ խաղաղապահ զորախմբին ՀՀ կառավարության կողմից ժամանակավոր տեղակայման վայրեր են հատկացվել։
«ԼՂ-ում տեղակայվելու և խաղաղապահ գործունեություն ծավալելու համար ՌԴ խաղաղապահ զորախմբին ՀՀ կառավարության կողմից ժամանակավոր տեղակայման վայրեր են հատկացվել Գորիսում և Սիսիանում: Տեղանքն ընտրվել էր այդ թվում՝ Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ: Քանի որ ՌԴ խաղաղապահ զորախումբը լքում է Լեռնային Ղարաբաղը, հասկանալիորեն չի կարող մնալ նաև Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է Գրիգորյանը։
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներին տեղակայել էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։ Նրանց առաքելությունը պետք է ավարտվեր 2025 թվականին։
Ապրիլի 16-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մեկնարկի մասին։ Այս մասին ապրիլի 17-ին հաստատել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ապրիլի 18-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր նաև Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման մասին։