Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենսիվությունը, ինչպես նաև զգուշացնում է Արևմուտքի վտանգավոր դերի մասին, որն այժմ «կեղտոտ խաղ է սկսում տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու համար», հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բաքվի և Երևանի միջև բոլոր տարածքային վեճերը և փոխադարձ պահանջները պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով: Մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենսիվությունը», — ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ Եվրամիության ներգրավումը հայ-ադրբեջանական երկխոսությանը միջնորդություն չէ, այլ տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելու փորձ։
«Խոսքը միջնորդության մասին չէ, մենք խոսում ենք, առաջին հերթին, իրավիճակն ապակայունացնելու փորձերի մասին, երկրորդ՝ իրավիճակը տարածաշրջանի պատմության ամենավատ ժամանակաշրջաններին վերադարձնելու մասին։ Հաջորդ կետը, իհարկե, տեղեկատվություն հավաքագրումն է ոչ թե ի նպաստ տարածաշրջանում խաղաղության, այլ տարածաշրջանի երկրների դեմ սեփական նպատակների համար»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ տեսանելի ապագայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկարողանան անձամբ քննարկել երկու երկրների հարաբերություններում առկա բոլոր հարցերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






