Հայաստանն ամեն ինչ կանի, որպեսզի Ադրբեջանի կրակոցներն ունենան գնահատվելու հնարավորություն՝ նույնիսկ ԵՄ դիտորդների մակարդակով և կհասնի նրան, որ կրակոցներ այլևս չլինեն, լրագրողներին ասել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ ԵՄ դիտորների արձանագրությունները կնպաստեն խաղաղության շուրջ տարվող աշխատանքներին։ «Երբ մենք ասում ենք խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները պետք է լինեն անխոչընդոտ, դա նշանակում է, որ այդ արձանագրումներն անելու են իրենց գործը։ Սեղանի շուրջ նստելուց մենք կասենք՝ գիտե՞ք ինչ, մենք գուցե տեխնիկական սարքերով չենք անում․ (վերահսկում-խմբ․) բայց ԵՄ-ն արդեն 209-ից ավել դիտորդ ունի և կարող է ավելացնել»,- ասել է Քոչարյանը։
Նա նշել է, որ վերջին կրակոցներն Ադրբեջանի «հիստերիկ դրսևորումներն են», և նման դեպքերը կողմերին միայն հեռացնում են երկխոսությունից։ «Երևի այն կողմում կանգնածները որոշել են անկանոն կրակել։ Ընդամենը կրակոցներ են, որոնք պետք է արգելել նույն դիտորդների կողմից, որովհետև կրակոցներ չպետք է լինեն։ Եթե կրակոց կա, սեղանի շուրջ նստածները չեն կարող իրենց աշխատանքի բուն փուլերին մոտենալ»,- ասել է նա։
Քոչարյանը հայտնել է, որ ռազմական լայնածավալ էսկալացիայի վտանգ այժմ չի տեսնում։ «Երբ կտեսնենք, կարծում եմ, այս հարցն այլևս չի առաջանա, մենք կանցնենք մեր բնակավայրերի լիարժեք պաշտպանությանը»,- ասել է պատգամավորը։
Ապրիլի 5-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր Տավուշի և Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդի կրակոցների մասին։ Ապրիլի 2-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Կութ և Սյունիքի մարզի Տեղ բնակավայրերում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






