Կառավարության մարտի 14-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Եվրոպական խորհրդարանի ընդունած՝ Եվրամիության և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին բանաձևին։ Վարչապետը նշել է, որ բանաձևը Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա, և դա ևս մեկ առիթ է՝ քննարկելու ՀՀ ապագայի տեսլականը:
«Բանաձևը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու անկախությանն անսասան աջակցություն է արտահայտում, աջակցություն է հայտնում նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ջանքերին»,- նշել է վարչապետը:
Նրա խոսքով՝ այս բանաձևով Եվրոպական խորհրդարանն արձանագրել է ՀՀ ձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, ինչը չափազանց կարևոր է միջազգային ընկալման համար:
«Բանաձևը մեջբերել է նախորդ տարի հոկտեմբերի 17-ին ԵԽ-ի ամբիոնից իմ արած հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել ԵՄ-ին, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի՝ արձանագրելով, որ եթե ՀՀ-ն ցանկանա ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնել, ԵՄ ինստիտուտները պետք է աջակցեն»,- ասել է Փաշինյանը:
Նա հավելել է, որ Հայաստանի կառավարությունը կշարունակի աշխատանքները Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա խորացման և զարգացման ուղղությամբ:
Մարտի 13-ին ԵԽ-ն ընդունել էր Հայաստանի թեկնածության կարգավիճակը դիտարկող բանաձև։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






