Ֆրանսիան իր աֆրիկյան քաղաքականության ձախողումից հետո փորձում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահի կերպար ստեղծել, չնայած այնտեղ խաղաղապահ դերը կատարել է Ռուսաստանը, «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Մարտի 8-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարել էր, որ Փարիզի հետ ռազմական համագործակցության միջոցով պաշտպանական քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու Երևանի որոշումը կապված է ՌԴ և ՀԱՊԿ-ի կողմից տրամադրվող անվտանգության երաշխիքների անարդյունավետության հետ։ Նա հայտարարել էր, որ «ռուս խաղաղապահներն իրենց զորանոցը լքել են միայն այն ժամանակ, երբ եկել է ԼՂ ուժերին զինաթափելու ժամանակը»։ Մարտի 10-ին դեսպանը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կոչ էր արել չհրաժարվել իրենց՝ Արցախ վերադարձի իրավունքից։
Փետրվարի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել էր Ֆրանսիա, որտեղ Հայաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերահաստատել էր Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությունը զարգացնելու հանձնառությունը։ Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզն աջակցում է Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին: Փետրվարի 23-ին Երևան կատարած այցի շրջանակներում Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանը և Սեբաստիեն Լըկորնյուն ստորագրել էին մի շարք պայմանագրեր։





































