Հայաստանի իշխանությունները կբարձրացնեն Գյումրիում ռուսական ռազմաբազայի առկայության հարցը, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
«Կարծում եմ՝ հարցը միայն «Զվարթնոցով» չի սահմանափակվելու։ Հիմա ինչ ուզում են ասեն, աստիճանաբար իրականացնում են այն, ինչի մասին զգուշացրել էինք՝ դա ՀԱՊԿ-ից դուրս գալն է, հետո Գյումրիում բազայի առկայության հարցը կբարձրացնեն»,- նշել է Զատուլինը։
Նա շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը ցուցադրաբար խզում է Ռուսաստանի հետ հարաբերությունները:
Մարտի 6-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Հայաստանը «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման հարցով պաշտոնական նամակ է ուղարկել ՌԴ։ Նա հայտարարել էր, որ Հայաստանը հստակ դիրքորոշում ունի, որի մասին տեղյակ է պահել ՌԴ-ին։