ՔՊ-ն, ամենայն հավանականությամբ, կանդամագրվի «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությանը, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
«ՔՊ-ում հասկացել են, թե որ ընտանիքին պիտի անդամագրվեն, իրենք ամենաշատը մոտ են «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ALDE) «դավանանքին» և առաջիկայում թերևս անդամագրվելու դիմում ներկայացնեն»,- գրել է թերթը։
Թերթը նշել է, որ կուսակցական վերջին հավաքներին հենց այդ հարցն են քննարկել, կարծիքներ փոխանակել, թե որ հեղինակավոր կուսակցական ընտանիքին է համապատասխանում ՔՊ-ի գաղափարախոսությունը և ում կարելի է դիմել։ Թերթը հավելել է, որ ՔՊ-ի՝ հստակ «իզմ»-եր չունենալու պատճառով «այդ գլխուկոտրուկը չէր լուծվում»։
Հայաստանյան կուսակցություններից «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցության անդամ են ԼՀԿ-ն և ՀԱԿ-ը։
Փետրվարի 29-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցում հայտնել էր Հայաստանի պատրաստակամությունը՝ դառնալու ԵՄ անդամակցության թեկնածու և հնարավորինս խորացնել հարաբերությունները դաշինքի հետ։