Եվրամիության աջակցությամբ 550 միլիոն եվրոյին համարժեք ծրագրեր կան, որոնք մեկնարկել են և գտնվում են տարբեր փուլերում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ծրագրերի մեծ մասն ուղղվելու է փոքր և միջին ձեռնարկություններին։ «Համագործակցում ենք Կենտրոնական բանկի հետ և հույս ունենք, որ ծրագրերն արդյունավետ ու արագ տեղից կշարժվեն»,- ասել է նա։
Սյունիքի մարզի կայունացման համար ևս ծրագրերի փաթեթ կա՝ մոտ 50 միլիոն եվրոյին համարժեք, որոնք մեկնարկային փուլում են։ «Կարծում եմ, որ թափանիվը շարժվել է։ Իհարկե, ցանկալի կլիներ, որպեսզի ծրագրերը շատ ավելի ծավալուն լինեին, բայց այս պահին կարող ենք նշել տարվա արդյունքով 550 մլն եվրոյին համարժեք ծրագրերը»,- հավելել է նա։
Ինչ վերաբերում է ժամկետներին, Գրիգորյանը նշել է, որ հստակ սահմանված չեն։ «Դա համագործակցության տնտեսական և ներդրումային պլան է, որը նախ և առաջ բովանդակություն պարունակող պայմանավորվածություն է, և ժամկետներ չկան։ Ես համաձայն եմ, որ պետք է ավելի արագ անենք, բայց «իքս» ժամկետում չանելու պարագայում այլևս հնարավոր չէ կամ հասանելի չէ համագործակցությունը, այդպես չէ՛»,- նշել է փոխվարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






