ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանին առաջարկել է Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա արագացնել երկու երկրների սահմանների սահմանազատման գործընթացը։ Այս մասին նշվում է գերատեսչության մամուլի քարտուղար Անի Բադալյանի մեկնաբանության մեջ՝ փետրվարի 15-ին կառավարության նիստում Հայաստանի վարչապետի ելույթից հետո Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության հետ կապված։
Բադալյանը հիշեցրել է, որ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանը և Հայաստանը գրավոր կերպով պայմանավորվել են, որ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանագծման գործընթացի քաղաքական հիմք է լինելու:
«Ադրբեջանին առաջարկում ենք այս պայմանավորվածության հիման վրա արագացնել սահմանազատման գործընթացը և վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը»,- ասվում է ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ:
Փետրվարի 15-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը լայնամասշտաբ պատերազմ սկսելու Բաքվի փորձի մասին։ Փաշինյանն Ադրբեջանին մեղադրել էր Հայաստանի հետ սահմանի որոշ հատվածներում ռազմական գործողություններ սկսելու փորձի մեջ՝ լայնածավալ պատերազմ սանձազերծելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







