Մոսկվայի և Բաքվի միջև բանակցություններ կանցկացվեն ԼՂ-ում խաղաղապահ կոնտինգենտի վերաբերյալ, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
«Մեր խաղաղապահ կոնտինգենտի վերաբերյալ Մոսկվայի և Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները համաձայնեցվում են Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ, խաղաղապահների մնալու ժամկետը լրանում է 2025 թվականին»,- նշել է նա։
Խաղաղապահ զորախումբը գտնվում է ԼՂ-ում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների փոխադարձ համաձայնությամբ՝ արտացոլված 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որով ավարտվել էր 2020թ. 44-օրյա պատերազմը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 24-ին հայտարարել էր, որ ԼՂ-ում խաղաղապահների տեղակայումը չի վերաբերում Երևանին։
Հունվարի 12-ին Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան «փաստերի կեղծում» էր անվանել խաղաղապահների պարտականությունները չկատարելու մասին Երևանի պնդումները։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը 2024 թվականի հունվարի 4-ին հայտնել էր, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է 223 անձ, վիրավորվել՝ 244-ը, գերեվարվել է 17 անձ, անհետ կորել՝ 20-ը։ ՔԿ տվյալներով՝ դիակի նկատմամբ շուրջ երկու տասնյակ անարգանքի դեպքեր են եղել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






